Փաշինյանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու հույս ունի

Մեր մոտիվացիան Ադրբեջանի ձեռքից ինչ-որ բան վերցնելը չէ։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների ընթացքը կարող է բերել նրան, որ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ հաստատի Պակիստանի հետ:

«Մեր տրամաբանությունն է և սահմանադրական կարգավորում էլ ունենք, որ ՀՀ-ն աշխարհի բոլոր երկրների հետ փորձ է անելու և ուզում է  բարիդրացիական հարաբերություն հաստատել։ Այդ ուղղությամբ էլ որոշակի դիվանագիտական ոչ բարձր մակարդակի աշխատանքներ արվում են և կարվեն։ 

Բայց նաև հասկանալիորեն 30 տարվա պրոցեսները, երբ որ նրանք (Պակիստանի իշխանությունը) մեր անկախությունը չեն ճանաչել և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, պետք է հասկանալ՝ դրա պատճառները որոնք են։ Եվ այս իրավիճակում ինչպես կարելի է առաջընթաց արձանագրել, որը հեշտ գործ չի։ Եթե մեզ հաջողվի կամ երբ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, նաև այդ իրավիճակը կդառնա մի փաստարկ, որը կօգնի, որպեսզի Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում