Խաղը քաղաքական ենթատեքստ պետք է չունենա․ Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստան-Թուրքիա սպասվող հանդիպման մասին

Վաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով:
Հայաստան-Թուրքիա խաղից սպասելիքների մասին MediaHub-ը զրուցել է Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։
«Բնականաբար, ինչպես մեր ազգը, այնպես էլ ես՝ մեր հավաքականից լավ արդյունք ենք սպասում։ Կազմին թեորիապես ծանոթ եմ, պրակտիկորեն՝ ոչ, այդ պատճառով էլ չեմ կարող ասել, թե ինչպես են մոտենում խաղին, այս հարցին ավելի հստակ մեր հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը կպատասխանի»,-ասաց նա։
Խոսելով խաղի կարևորության մասին, վերջինս ընդգծեց․
«Մենք այսօր պետք է հասկանանք, որ խաղը որևէ քաղաքական ենթատեքստ պետք է չունենա, միայն ու միայն սպորտային ենթատեքստ պետք է ունենա։ Բոլոր խաղերն էլ սկզբունքային են, առանց այդ էլ ճնշումը մեծ է լինելու, այդ պատճառով էլ պետք է խուսափենք քաղաքական ենթատեքստից։ Առաջին խաղն է, կարծում եմ՝ հավաքականը պատրաստ է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և միայն հաջողություն եմ մաղթում»։
Հիշեցնենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշել է թույլ չտալ թուրք երկրպագուներին մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը ներկա գտնվել։ Թե ինչպիպի տրամադրվածություն է լինելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Խաշմանյանը պատասխանեց․
«Սա այն խաղն է, որ պետք է ամեն ինչ բարձր մակարդակում լինի. չմոռանանք, որ ազգային հավաքականն է, բնական է, որ ցանկացած խաղի էլ պետք է մոտենանք լավ պատրաստված։ Ցանկացած խաղ էլ մեզ համար պետք է սկզբունքային լինի, առաջին հանդիպումն է ու հուսով եմ՝ մեկնարկը լավը կլինի և հիմք կլինի մնացյալ խաղերի համար, որպեսզի այս մրցաշարը լավ ավարտենք»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց առաջիկա խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, ազգային թիմի կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ի ընտրաան փուլի առաջին խաղին։
Լիաննա Թորոսյան