Եվս մեկ ՀԱՅ գնաց...

Երեկ հայտնի դարձավ, որ անժամանակ կյանքից հեռացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Սրտի կաթված: Ընդամենը 57 տարեկան: Այդքան հայրենասիրությամբ, ազգայինի հանդեպ անչափելի սիրով, արժեքները պահպանելու հստակ կամքով լցված...
Միքայել Բադալյան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն.
"Եվս մեկ ՀԱՅ գնաց։
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, պարոն Գինոսյան ջան":
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ.
"Մարդու տեսակ, որի կարիքն այնքան ուներ երկիրը: Լույսերի մեջ մնաս Գագիկ Գինոսյան , լավ մարդ, հայրենասեր տեսակ, օրինակելի քաղաքացի":
Շիրակ Թորոսյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր.
"Սիրելի՛ հայրենակիցներ,
խորը ցավով տեղեկացանք ջավախքյան արմատներով լավագույն հայորդիներից մեկի՝ Գագիկ Գինոսյանի անժամանակ մահվան մասին:
Անգնահատելի են արդի շրջանում հայ ազգային մշակույթի պահպանման և հանրայնացման գործում Գագիկ Գինոսյանի ներդրած ջանքերը:
Խաղաղ նինջ քեզ նվիրյալ զինվոր":
Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու անդամ.
"Հավատալու չի ...
Չդիմացավ մարդու սիրտը ...
Խորին ցավակցություններս ընտանիքին, մտերիմներին, «Կարին» համույթին ...":
Արմեն Դարբինյան, Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր.
"Գագիկի մահվան բոթը ցնցող է ու շատ դաժան։ Երկրի տերերից մեկը գնաց։ Մեր ապահովության երաշխիքները խիստ նվազեցին։ Մեր` ազգայինին նվիրումի պարտականությունները հազարապատկվեցին։ Մեր անելիքը բազմապատկվեց։ Մեր բեռը ծանրացավ։ Արժանի լինենք մեր մեծերին։ Իսկ Գագիկը ՄԵԾ ԷՐ":
Մարիա Ադուլյան-Անդրյան, «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր.
"Մի անգամ Երևան Մոլում հավես բան էինք կազմակերպել` հայտնիները նվերներ էին բերում հաշմանդամություն ունեցող երեխաներին։
Գագիկ Գինոսյանը մեծ, փաթեթավորված նվեր էր բերել։ Տվեց երեխային ու ասաց, որ այն կախարդական է ու պարտադիր մեծ բան կփոխի իր կյանքում։
Սինթեզատոր էր, իսկապես մեծ բան փոխեց փոքրիկի կյանքում` սկսեց երաժշտություն լսել, ավելի հանգիստ դարձավ, նույնիսկ երգ գրելու փորձեր էր անում։
Այնպիսի տպավորություն էր, որ Գինոսյանն ի սկզբանե գիտեր, թե ինչ է պետք երեխային, այնինչ երբեք չէր էլ տեսել։
Իրականում այս փոքրիկ օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե քանի կյանք է փոխել այս հրաշալի մտավորականը։
Մենք կորցրեցինք ազգայինը պահող, տարածող ու ստեղծող ևս մի Հայի։ Հուսով եմ, որ իր աշակերտները կշարունակեն իր ստեղծած մեծ ու կարևոր գործը":
Զառա Հակոբյան, դերասանուհի.
"Գնաց ևս մի նվիրյալ իր Հայրենիքին,իր կոչմանն ու իր արվեստին..Շատ ափսոս,շատ ցավալի է...":
Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ.
"Ափսոս էր Գինոսյան Գագոն, հողի վրա ազգային մշակույթ էր տարածում, ազգային արժեք ստեղծում, պաթոսի տակ չէր, գործ էր անում":
Անահիտ Անդրեասյան, հաղորդավարուհի.
"Գագիկ ջան Ինքնաճանաչման հորիզոնից անդին, ինքնանշմարման փոքրիկ ջրհորում դիմացս ջրհորի հույսից ալեկոծ հոգուս հայելին, ուր նշմարում եմ ափիս մէջ հառնող, Արարատից էլ վեհ... ավազե մի լեռ, որ հատիկ առ հատիկ ափիցս հոսում եւ... չէ չեն թափվում վար, այլ ճախրում են վեհ, իրար ձուլւելով ջրհորիս հատակին՝ դառնում նոր խութեր, անմահացնելով օրերն իմ կեանքի, բայց հեռանալով, եւ հեռացնելով ափիս մէջ հառնող Արարատակէրպ վեհ օրագրիս իրար թիկն տուած օրերը կեանքիս, որ իրար հպուած, թէ գրկախառը կեանքս են ուրւագծում։
Հատիկ առ հատիկ, սկզբում ակամա, եւ չգիտակցուած հեռացումի մէջ ավազը թափւում եւ կամաց կամաց Արարատը վեհ կեանքիս օրերի դառնում է բլուր, այնքան փոքրանում, որ կեանքի ափից էլ մանր է թւում, եւ ափը կեանքիս անփութորեն աշխարհի չորս դին չռւած իր հինգ մատերի արանքով կեանքիս օրերի ավազահատիկի լուռ հեռացումի պատարագն է Աստուածային օրհներգում։
Եւ մի պահ հանկարծ ափս՝ հոգուս ծով ափը, արդեն ավազազուրկ, ափն իմ հոգու, կարծես մերկանում սահող ավազահատիկ օրերիս տակից դուրս ցցւող կեանքիս ժայռաբեկորներն է նշմարում հանկարծ, ջրազուրկ թէ ավազից զրկուած ափիս կոշտուկները բազմաճաքճքուած, կնճռազատուած, եւ կամաց կամաց ափս վերածւում է մերկ մի քարափի, արդեն ցամաքող, եւ ավազազուրկ, ժայռաբեկորւած, ժայռաց ստորոտում ավազ փնտրելով ջղաձիգ բռունցքւում է ափն իմ կեանքի, մատներս իրար ճզմելով, իրար ագուցւում, ամրոց է դառնում։
Ավաղ վէրջին հատիկները կեանքիս ավազի, մեկ է չեն դադարում հոսել, եւ սահում են դուրս արդեն ամրոցւած, բռունցք պարսպիս ճաքերի միջով, որ նվաղած մատներն իմ ափի, կեանքից կայծակւած, թէ շանթահար ամրոցն անառիկ խեղճ ցանկապատի է վաղուց վերածուել, կեանքի փոթորկի դեմ խեղճ դողդողացող... իրար ճզմող-ճզմւող մատներս ապրած օրերիս հետ վանում, դուրս են մղում ապրած օրեր-ավազահատիկներիս հետ նաեւ չապրւած օրերիս ավազահատիկն ու օր առաջ ամայացնում ափիս մէջ հառնող ավազալեռը կեանքիս։
Սահում են վէրջին հատիկներն աւազի դեպ իրար եկած, անողոքաբար իրար ճզմող, ճզմւող ճաք տված ամրոց բռունցքիս, մատներիս արանքով, չնկատելով անգամ, որ վէրջին օրեր-ավազահատիկները կեանքիս ավազ չեն արդեն, բյուրեղացել են, դարձել ադամանդ, եւ որ թառամած, դէպ իրար չեկող մատներիս համար փշեպսակող դեպ դուրս են սահում հոգուս, մականաօծ իմ կեանքի ափից, քեռծում, արնածոր դարձնում ճակատս... թէ ափն իմ, իմ անափ հոգու։ Անբարբառ խոստովանանքն իմ, որ ես, հենց ինքս եմ խաչելութեութիւնս հեղինակել...
Եւ կարեւոր էլ չէ, թէ խաչելութիւնս հանճարածին է, թէ հերովդեսակերպ։
Կարեւոր է լոկ, որ իրական է խաչելութիւնն իմ հոգու, եւ էլ առաւել իրական է փշեպսակն օրերուս, որից ոչ ճակատն իմ, այլ կեանքիս ավազահատիկներն, ծով կեանքիս ափը, ցամաքած ծովիս ափը փշեպսակող, արնածոր է դարձնում, ա՞փս, ճակա՞տս, թէ՞ մարող հոգիս... Գագիկ Գինոսյան"