600 հազար դրամ, խմիչք, ծխախոտ և այլն․ Վարդենիսում գողություններ են եղել

600 հազար դրամ, խմիչք, ծխախոտ և այլն․ Վարդենիսում գողություններ են եղել

Մարտի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ Վարդենիսի պոլիկլինիկայի դիմաց գտնվող խանութից գողություն է կատարվել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ գիշերը կոտրել են խանութի դուռը և գողացել դրամարկղի 600 հազար դրամն ու ցուցափեղկերին եղած խմիչք, ծխախոտ և այլ ապրանք: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հաջորդ օրը: Մարտի 7-ի ցերեկը Վարդենիսի Ստեփանյան փողոցում իրավապահները հայտնաբերեցին, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն: Նա խոստովանեց արարքը: Հանգամանքները պարզվում են:

Մարտի 13-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյան փողոցի 63-ամյա մի բնակիչ և հայտնել, որ տնից գողացել են ոսկյա զարդեր ու փող:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը կատարվել էր վերջին մի քանի ժամում: Կոտրել էին մի դռան ննջարանի ապակին, անցել մյուս ննջարան և պահարանից տարել էին զարդերն ու փողը: Վնասի չափը մոտ երկու միլիոն դրամի էր: Դեպքի վայրի զննությունից հետո քրեական հետախույզները չբացառեցին վարկածը, որ գողությունը... այնքան էլ գողություն չէր:

Արդեն մարտի 14-ին ոստիկանները մեկնեցին մայրաքաղաք, Գարեգին Նժդեհի փողոցի մի տանը հայտնաբերեցին ժամանակավոր բնակվող 20-ամյա երիտասարդին, որը բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տված տղամարդու որդին էր:

Բաժնում երիտասարդն ընդունեց մեղքը և հայտնեց, որ գողացած փողն ու ոսկեղենը Երևանի վարձով տանն են: Հանգամանքները պարզվում են: