Ամեն մի հայ սուրբ պարտք ունի տեր կանգնելու իր ինքնությանը և իրեն կտակված նախնյաց սուրբ ավանդին. Տեր Ասողիկ

Ամեն մի հայ սուրբ պարտք ունի տեր կանգնելու իր ինքնությանը և իրեն կտակված նախնյաց սուրբ ավանդին. Տեր Ասողիկ

Տեր Ասողիկը գրում է. 

«Վաղն ԱՊՐԻԼ 24 է:

Վաղը Սրբոց Նահատակաց տոնն է:

Վաղը Ծիծեռնակաբերդի ուխտի օրն է:

Վաղը մեր՝ հայ քրիստոնյաներիս Սուրբ Հարության օրն է. ինչպես մեր Ամենազոր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանն է Նրա հաղթանակի մարմնացումն ու հավիտենական կյանքի առհավատչյան, այդպես էլ Ծիծեռնակաբերդի կատարյալ հուշակոթողն է մեր՝ հայերիս հաղթանակի և հավերժ կյանքի խորհրդանիշն ու վկայությունը:

Այս Մեծ Խորհրդի առջև ամեն մի հայ պարտք ունի կյանք ապրելու, Հայկյան կյանք ապրելու և Հայկյա առաքելությունն իրականացնելու:

Ինչպես Հայոց Ցեղասպանության խավար ու սոսկալի օրերին Հայոց Եկեղեցին՝ ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, կենդանի պահեց հայության ոգին ու հոգին՝ խնամարկելով նաև հայու կարեվեր մարմինը, ահա այսպես այսօր և ցկատարած աշխարհի իր Սուրբ առաքելությունն է իրականացնում:

Արթնության կոչն է բարձր ու հզոր հնչում հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. ամեն մի հայ սուրբ պարտք ունի տեր կանգնելու իր ինքնությանը և իրեն կտակված նախնյաց սուրբ ավանդին:

Պետք է ցրել խավարը մեր Երկրին պատած, պետք է մաքրազարդել հայ կյանքն ամենայն ապականությունից, պետք է վառել հայոց սրտերը Հայկյան լույսով, սիրով, որպեսզի ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ:

Մեր արտաքին ու ներքին թշնամիները, սիրելիներ, հենց այդ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ի դեմ են անդադար պայքարում... Կար ժամանակ, որ նրանք հաջողեցին, բայց մենք կրկին հաղթեցինք, այժմ նորեն պետք է հաղթենք և պետք է հռչակենք Հայոց ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ը:

Ա՛յս է Սուրբ Հարության պատգամն ու զորությունը: Ա՛յս է պատվիրանն այս խորախորհուրդ լուսանկարի:

Երկնքից մեզ են նայում, մեզ են ոգեկոչում բազմաբյուր Սուրբ Նահատակները:

ԵՂԻՑԻ ԼՈՅՍ: ԵՒ ԵՂԵՒ ԼՈՅՍ»: