Երեխաները մեծի հետ հավասար տանում են ցավը, զրկվեցին մանկությունից․ Արցախի մայրերը չգիտեն՝ ինչ անել

Արցախում հումանիտար աղետ է․ ցեղասպանվելու վտանգի առջև կանգնած 120 հազար արցախցիներն օր օրի ավելի խորն են զգում բլոկադայի առաջացրած անմարդկային ցավը՝ թե՛ հոգեկան, թե՛՝ ֆիզիկական։
«Կատաստրոֆիկ վիճակ է, մենք որքան էլ պատմենք, դուք դա չեք հասկանա, պիտի տեսնեք, որ պատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է արցախցի Մելինե Պետրոսյանը, որը երկու անչափահաս երեխաների մայր է։
Շուրջ ութ ամիս կյանքի ճանապարհից զրկված Արցախում խանութները դատարկ են, մեքենաները՝ տեղում կանգնած, հիվանդանոցներն՝ առանց նվազագույն պայմանների ու անհրաժեշտ դեղամիջոցների։ Մի քանի օրից անգամ շտապ օգնության մեքենաները չեն գործի՝ վառելիք չկա։
«Կաթվածահար վիճակ է, հիվանդանոց հասնելն անգամ այս պահին երազանք է դարձել, հատկապես հղիների համար է խնդիրը շատ լուրջ։ Հիվանդանոց հասնելու համար ծանոթ-անծանոթ մեքենա են փնտրում»,- պատմում է մեր զրուցակիցը։
Մելինեի մեծ աղջիկը ձմռանը ցրտի, հիմա էլ՝ սնունդ չլինելու պատճառով զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։
«Երեխաս քաղցրավենիք է ուզում, դե բնական է, փոքր է, իր պահանջներն ունի, բայց դե չկա։ Իհարկե, բլոկադայի առաջին օրերին ես պատկերացնում էի, թե ինչ կարող է լինել, մի քիչ պահել էի, բայց դա էլ վերջացավ։ Փոքրիկս էլ վեց ամսական է, բլոկադայի պայմաններում է ծնվել։ Դեռ միայն կրծքի կաթով է սնվում, իր դեպքում մի քիչ հեշտ է։ Էլի հասկանալով, որ այս պայմաններում այլ բանով չեմ կարող ապահովել, այնպես արեցի, որ միայն կրծքի կաթին սովորի ու դրանով բավարարվի»,- պատմեց նա։
Մելինեն ցավով է նշում, որ իր փոքրիկի տարիքի այլ փոքրիկներից շատերի դեպքում խնդիրներ կան, օրինակ, մայրը կաթ չունի, արհեստական կեր էլ չի գտնում։
«Արցախում տարբեր հարթակներ կան, որ մայրիկներն օնլայն շփվում են։ Երբ մտնում ես այդ խմբեր, մարդիկ անընդհատ խնդրում են, որ կաթնախառնուրդ փոխանցեն իրար։ Այսօր մեկին հանդիպեցի, ասում է՝ երեխաս լացում, կարագ է ուզում, չկա։ Հա, էլի ով ունի՝ փոխանցում է, բայց դե դա հարցի լուծում չէ։ Բացի այդ, դեղորայքի հետ կապված խնդիր էլ կա․ երեխաներին պետք է տանենք պատվաստման, վառելիք չկա, թեև, հիվանդանոցներում էլ պատվաստանյութ չկա։ Իմ փոքրիկին մենք կարողացանք հասցնել պատվաստման, բարեկամներից մեկի մեքենայում վառելիք կար, բայց դե սա եզակի դեպք էր»,- նշեց Մելինեն։
Երկու անչափահասների մայրը նկատում է՝ այժմ դեռ ապրել հաջողվում է, մարդիկ իրենց մշակած բերքը կարողանում են իրացնել, բայց թե հետո ինչ կլինի, սարսափելի է անգամ պատկերացնելը։
«Մի հարց չի, մի խնդիր չի։ Կողքիս հարևանը հինգ երեխա ունի․ առավոտից երեկո գնում, հերթ է կանգնում, որ երկու հաց կարողանա ձեռք բերել։ Այդ ընթացքում էլ երեխաները մենակ են մնում, չի կարող հետը տանել։ Նայում ես՝ առանց մեծի սպասում են, որ մի կտոր հաց տուն հասնի։ Էդ երեխաների կյանքն էլ է վտանգված, ասենք դուրս եկան փողոց, մի բան եղավ, ի՞նչ, պետք է ասենք՝ մայրը գնացել է հացի հերթ է կանգնե՞լ»,- ցավով ասաց Մելինեն։
Կյանքի պայմանները, դատարկ խանութները, սովի մատնվելու վախը Մելինեին այդքան չի վախեցնում, որքան Հայաստանում եղած անտարբերությունը։ Այս մասին խոսելիս արդեն երիտասարդ կինը չկարողացավ արցունքները զսպել։
«Ես մանկավարժ եմ, միշտ Մայր Հայստանի մասին եմ խոսել, հպարտությամբ։ Հիմա ի՞նչ ենք տեսնում մենք։ Այսքան անտարբերությո՞ւն։ Ես, եթե իմանայի, որ մի կերպ կարող եմ օգնել, ոտքի կկանգնեի, բայց դա չեմ տեսնում, որ Հայաստանում արվում է։ Բացի այդ, հիմա ատենախոսություն եմ գրում, երեխաների հետ եմ շփվում։ Դուք չեք կարող պատկերացնել այն ցավը, որ զգում եմ՝ այդ փոքրիկների հետ խոսելիս։ Նրանք մեծի հետ հավասար տանում են այս ցավը, նրանք զրկվեցին իրենց մանկությունից»,- խեղդվող ձայնով ամփոփեց խոսքը Մելինե Պետրոսյանը։
Նարե Գնունի