Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բագրատունյաց թագավոր Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է երկրի բնակիչներին սուրբ թագավոր Դավիթ IV Աղմաշենեբելիի (Շինարար) հիշատակի օրվա կապակցությամբ։
Շինարարը Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր է եղել 1089 թվականից մինչև իր մահը՝ 1125 թվականը։ Վրաստանում այդ տոնը կոչվում է «Դավիթոբա»։
«Ուզում եմ շնորհավորել բոլորին այս օրվա՝ Դավիթոբայի կապակցությամբ: Դավիթ Աղմաշենեբելին Վրաստանի պայծառության, միավորման և վերականգնման խորհրդանիշն է: Ցանկանում եմ բոլորին մաղթել մեր հայրենիքի պայծառություն, միավորում ու վերականգնում»,- գրել է Կոբախիձեն։
Դավիթ Շինարարի օրոք Վրաստանում կառուցվել են մեծաթիվ եկեղեցիներ ու վանքեր, ստեղծվվել են նոր քաղաքներ։ Իր գործունեության համար թագավորը ստացել է «Շինարար» մականունը։ Վրաց ուղղափառ եկեղեցին 13-րդ դարի վերջին Դավիթ Շինարարին սրբադասել է։