Ովքեր են ղեկավարում հանձնախմբերը. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակը» գրում է
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց դիմադրության շարժման առաջիկա անելիքների մասին՝ փորձելով բացատրել, որ շարժումը չի մարել, գործում է, սակայն ոչ հրապարակային տիրույթում։ Սաղաթելյանի պնդմամբ՝ շարժման անդամները հսկայական աշխատանք են տանում, որը հանրությանը տեսանելի չէ։ «Բոլոր բացթողումները, կազմակերպական դժվարությունները, որ ունեցել ենք, գրանցված են, եւ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ տարվում է հսկայական աշխատանք։ Բոլոր մարզերում ձեւավորվում են շարժման խորհուրդներ, որպեսզի շարժումն ամբողջ ծավալով տեղափոխվի նաեւ մարզեր: Բացի հիմնական կուսակցություններից, մենք նաեւ ներգրավում ենք տարբեր անհատների, կարող ուժերի: Ստեղծել ենք 8 կոմիտեներ, հանձնախմբեր, որոնք այդ ուղղությամբ շատ հստակ աշխատանքներ են իրականացնում: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո ինչ-որ մի փուլից դրանց արդյունքները ձեզ համար ակնհայտ կլինեն: Վստահեցնում եմ, որ նույն տեմպով աշխատում ենք, բայց անում ենք նաեւ բեք օֆիսի աշխատանք»,- ասել էր նա։
Ընդդիմության ձեւավորած ոլորտային կոմիտեները կամ, ինչպես իրենք են անվանում՝ հանձնաժողովները, շաբաթը մեկ նիստ են հրավիրում, ժամանակ առ ժամանակ էլ՝ համատեղ նիստեր։ Հանձնախմբերի պատասխանատուներ են նշանակված, յուրաքանչյուրում ընդգրկված են ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստանի» եւ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներ, որոնք քննարկում են պետության առջեւ ծառացած ոլորտային խնդիրները, թե ինչպես դրանց մասին խոսել ՀՀ քաղաքացու հետ, հանրությանն ավելի մատչելի ներկայացնել մեր պետությանը սպառնացող վտանգներն ու երկրում ծառացած խնդիրները։
Այսպիսով՝ ձեւավորվել են հետեւյալ 8 հանձնախմբերը․ քաղաքական, որի պատասխանատուն պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանն է, ով կոորդինացնելու է քաղաքական հարցերը։ Մինչդեռ թվում էր, թե նա, լինելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, պետք է զբաղվեր իրավական հարցերով։ Իրավական հանձնախմբի նախագահի պաշտոնը «հայաստանցիները» զիջել են գործընկերներին` արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։ Պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի համակարգումը վստահվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, տնտեսականը՝ Թադեւոս Ավետիսյանին, արտաքին հարաբերությունների հանձնախումբն Աննա Գրիգորյանն է ղեկավարելու, քարոզչական հանձնախմբի պատասխանատու է նշանակվել Ագնեսա Խամոյանը։ Յոթերորդ հանձնախումբը զբաղվում է ընթացիկ միջոցառումների կազմակերպման հարցերով եւ ղեկավարելու է դաշնակցական Քրիստինե Վարդանյանը։ Կա նաեւ կազմակերպչական հարցերով զբաղվող կոմիտե, որի պատասխանատուն ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է։
Ինչ վերաբերում է մարզային շարժման խորհուրդների ձեւավորմանը, ապա այդ աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթներին, կուսակցական տարածքային կառույցների բազայի վրա դրանք կձեւավորվեն եւ կսկսեն աշխատել մարզերում։ Մինչեւ սեպտեմբեր կամ սեպտեմբերի սկզբին «Դիմադրությունը» հանդես կգա կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Իսկ սեպտեմբերի կեսերից կսկսվի փողոցային պայքարի նոր փուլ: Իշխան Սաղաթելյանն ասում է․ «Սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու»։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում