Նոր բան չէ, այս ամենի մասին ոչ միշտ էր բարձրաձայնվում. Մելիքյանը Փաշինյանի հայտարարության մասին

Ամեն անգամ ուղիղ եթերների կամ ասուլիսների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք աղմուկ են բարձրացնում, անգամ սկանդալային երանգ ունեն: Որոշ դեպքերում նման հայտարարություններից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը փոխվել է: Եվ վերջին ուղիղ եթերը, որի ընթացքում նա պատասխանում էր ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների հարցերին բացառություն չէ:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես օկուպացված տարածքներ, պատասխանեց, թե Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Զարմանալի չէ, որ հայտարարությունն արժանացավ կոշտ արձագանքի Աբխազիայի և Օսիայի նախագահների կողմից։
Արդյո՞ք կարող ենք համարել այս հայտարարությունը որպես ՀՀ դիրքորոշման փոփոխություն և ի՞նչ հետևանք կունենա այն, հաշվի առնելով ճգնաժամ ապրող հայ-ռուսական հարաբերությունները: Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
«Այս հայտարարությունը նոր բան չէ, ինչպես նաև Վրաստանի հայտարարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով և Արցախի հարցով դիրքորոշմամբ պայմանավորված։ Այստեղ այլ հարց է՝ այս ամենի մասին ոչ միշտ էր բարձրաձայնվում, սակայն Հայաստանը թղթի վրա միշտ էլ ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց հավելյալ այլ հարաբերություններին չվնասելու համար այսպիսի հայտարարություններ հաճախակի չեն հնչել: Ուղղակի հարց տրվեց, պատասխան հնչեց, ինչն արձագանք ստացավ Աբխազիայում և Հարավային Օսիայում, բայց թե՛ Ռուսաստանի համար է պարզ, թե՛ տարածաշրջանային այլ երկրների համար, որ Հայաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության սատարողներից է, և Թբիլիսի-Երևան այն հարաբերությունները, որ այսօր կան, հիմնված են այս էլեմենտի վրա»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, այս հարցը փորձում են շատ նեգատիվ կողմից ներկայացնել, սակայն Մելիքյանը չի կարծում, որ ինչ-որ խնդրահարույց բան է եղել:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին այս աղմուկին, Մելիքյանն ընդգծեց, որ հենց այդ ճգնաժամի պատճառով այս հարցը մեծ աղմուկ բարձրացրեց, հայկական մամուլը շատ լայն տարածում է այս տեղեկությունը և փորձում ստանալ այլ պատկեր։
«Այս հայտարարությունն իր նպատակն ունի, որ Վրաստանը իր հերթին շարունակական կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ որևէ քայլերի շրջանակներում իր կողմից վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան