«Ինքնավստահ» Թորոսյան, «անտուն» Վարդանյան, ներիշխանական «բազարներ», ՔՊ բացթողումներ․ Մամուլը՝ սուրճով

«Ինքնավստահ» Թորոսյան, «անտուն» Վարդանյան, ներիշխանական «բազարներ», ՔՊ բացթողումներ․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է․

Այսպես կոչված՝ «Քովիդի գործով» նախաձեռնված քրեական վարույթի, ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնին պարբերաբար սոցցանցային գրառումներ է անում առողջապահության այդ ժամանակվա նախարար, ԱԺ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա դժգոհում է «չաշխատող» պետական ապարատից, «անհիմն մեղադրանքից», բողոքում, որ «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում», կասկածում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված վարույթի անաչառությանը և այլն: Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով Թորոսյանին ևս կներգրավեն այդ գործում:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս բավական ինքնավստահ է և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի իրեն կալանավորելու որոշում կայացնել, որովհետև ինքը կարող է և սկսի «խոսել»: Ի դեպ, նա «խոսելու» մասին ակնարկել էր նաև իր հայտարարության մեջ՝ նշելով, որ «հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան»: Մյուս կողմից՝ ըստ իշխանական մեր աղբյուրի, Թորոսյանը վստահ է, որ իրեն ձեռք չեն տա նաև այն պատճառով, որ ինքը կուսակցության ներսում բավական «սոլիդ» թիմ ունի, իսկ ներքին պայթյունը հաստատ Փաշինյանին ձեռնտու չի լինի:

Ի հավելում, անկարևոր չէ նշել, որ հենց Թորոսյանն է լինելու Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի, այսինքն, փաստացի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շտաբի պետը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին:

Երբ ասացինք, որ հարցը նաեւ իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ:
Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից եւ այնտեղ է իր գործունեությունը շարունակելու:

Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով եւ նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը:

Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչեւ հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ եւ հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում:

Հիշեցնենք, որ Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի որոշմամբ, 6 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվեց պետնախարարի պաշտոնից:

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ամեն ինչ արել է, որ իր թիմակիցը համարվող Գեւորգ Սիմոնյանին չկալանավորեն եւ հարուցված քրեական վարույթը սառեցնեն՝ գոնե մինչեւ իր քաղաքապետ ընտրվելը։ Խնդիրն այն է, որ քովիդի շրջանին վերաբերող սկանդալային չարաշահումների գործը նաեւ քաղաքական բաղադրիչ ունի, ոմանք կարծում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել Արսեն Թորոսյանին, ով ՔՊ-ին խայտառակեց՝ բացահայտելով վերջին համագումարում վարչության ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքները: Ըստ այս վարկածի՝ առաջիկայում ձերբակալվելու է նաեւ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, իսկ ոմանք էլ վստահ են, որ Փաշինյանի գլխավոր նպատակն Ավինյանին՝ որպես քաղաքապետի թեկնածուի, չեզոքացնելն է, որին իր պաշտոնի հավակնորդ է համարում։ Այսինքն, այս գործով միանգամից երկու նապաստակ է ուզում խփել․ փոխել ՔՊ քաղաքապետի թեկնածուին՝ առաջ քաշելով Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, եւ ասպարեզից վերացնել իր աթոռի պոտենցիալ հավակնորդին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել էր պարետատուն, իսկ պարետ էր նշանակվել Ավինյանը։ Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ դեռեւս շաբաթներ առաջ են տեղեկություններ տարածվել, որ Փաշինյանը մտահոգ է Ավինյանի չաճող վարկանիշից եւ նրան ուզում է քաղաքապետի այլ թեկնածուով փոխարինել։ Այս պարագայում ՔՊ էլեկտորատը կարող է էքստազի մեջ ընկնել, որ իրենց Նիկոլը պայքարում է ոչ միայն նախկինների, այլեւ իր թիմի «կոռումպացված», «թալանչի» ներկայացուցիչների դեմ, եւ այս մի մանյովրն էլ ՔՊ-ի օգտին կաշխատի։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մարտի 7-ին մի փոքր խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Այս ակցիան տարբեր մեկնաբանություններ ստացավ։ Մի մասը դա գնահատեց որպես հուսահատ քայլ, իսկ ոմանց համար ակցիան ակնհայտ հակառուսական «գունավորում» էր ստացել, չնայած ակցիայի մասնակիցները պնդում էին, որ այդ ամենն իրականացվում է բացառապես շրջափակումից դուրս գալու նպատակով։ Հետաքրքիր է, որ, չգիտես ինչով պայմանավորված, հանկարծ այնտեղ է հայտնվել նաև գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցած ակցիան, մեղմ ասած, առանց նրա գիտության չի եղել, իսկ վերջնանպատակն էլ հենց Ներսիսյանի հայտնվելը և հարցին «իտոգ» տալն է եղել։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս ամենը հստակ ֆիքսվել է ռուսների կողմից, ավելին, նրանք բավական կոշտ զրույց են ունեցել Արցախի իշխանությունների հետ։ Մասնավորապես, ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու է նման ակցիա իրականացվում (թեկուզ և փոքրաքանակ), առավել ևս, ինչու է ցուցարարներին միանում պետնախարարը։

Ինչպես մեզ փոխանցեց մեր աղբյուրը, Ներսիսյանը փորձել է արդարանալ, որ ոչ թե ցուցարարներին է միացել, այլ ուղղակի փորձել է իրավիճակը տեղում հասկանալ, բայց հաշվի առնելով, որ ռուսական կողմը տեղյակ է նրա և ցուցարարների հետ եղած որոշակի կապերի մասին, նրանց մոտ կարծիք է ձևավորվել, թե պետնախարարը մասնակցում է հակառուսական ակցիային։ Թերթի տեղեկություններով, Արցախում տեղի ունեցածի հետ կապված լուրջ քննարկումներ են տեղի ունեցել, ինչից հետո Արայիկ Հարությունյանը Ներսիսյանին հորդորել է այլևս չդիմել նման քայլերի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության, եւ բացթողումներ են հայտնաբերվել: Այս նախագծերում փոփոխությամբ պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են նախատեսվում պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորման, կիրառման եւ պայթեցման աշխատանքների կատարումը:

Առաջարկում է ամրագրել, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պետք է գանձվի պետական տուրք, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքով համապատասխան լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք նախատեսված չէ: Ստացվում է՝ անհամապատասխանություններ կան պատգամավորի նախագծում. նա առաջարկում է մի փոփոխություն անել օրենքում, որը հակասում է մյուս օրենքին։ Միեւնույն ժամանակ իրավական փորձաքննության արդյունքներում նշվում է, թե հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը նախատեսված է ոչ թե որպես ծանուցման ենթակա գործունեություն, այլ լիցենզավորման ենթակա գործունեություն:

Արդյունքում անհասկանալի է՝ ինչպես հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո պետք է համարվի նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ, եթե նախագծով համապատասխան գործունեությունը նախատեսվում է սահմանել լիցենզավորման ենթակա: Այլ թերություններ եւս մասնագետները գտել են Գաբրիելյանի նախագծում:

«Հրապարակ» թերթը գրում է.

Ադրբեջանի իշխանությունները «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» երեկ երկրորդ հանդիպմանն էին հրավիրել, վայրն էլ են որոշել՝ այս անգամ հանդիպումը նախատեսում են անել Բաքվում։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը  երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաեւ Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում»,- ասվում է Ադրբեջանի վարչակազմի հաղորդագրության մեջ: Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:

Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու) տեղի ունեցած հանդիպումն ադրբեջանական կողմը «կայացած» որակեց, հայկական կողմը սկզբում հերքեց, թե քննարկվել է «վերաինտեգրման» հարցը, ավելի ուշ՝ ահաբեկչական գրոհից եւ երեք ոստիկանի սպանությունից հետո, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ Իվանյանում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանն իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանությանը փոխանցել է՝ «կա՛մ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր»։ Նա, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե ում միջոցով է Ադրբեջանի պահանջը փոխանցվել Ստեփանակերտին: «Մենք չենք ընդունել, չենք ընդունում, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»,- ասել է նա: Հայտարարությունից օրեր անց էլ հայտնի դարձավ, որ Հարությունյանը Հայաստան է եկել, հանդիպել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է Բաքվի պահանջը՝ ասելով, թե ստեղծված իրավիճակում վերաինտեգրման գործընթացը կարող է լինել փրկօղակ, որովհետեւ այլընտրանքը պատերազմն է։ 

Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը դեմ է ինտեգրացիոն հարցերով բանակցություններին, երեկ մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ պետք է կտրականապես մերժել բանակցությունները, եթե դրանք կոմունիկացիոն խնդիրների վերաբերյալ չեն։ «Անթույլատրելի է ընդհանրապես խոսել ինտեգրացիայի մասին, մենք պետք է շարունակենք պայքարել, ի վերջո, կհասնենք այն նպատակին, ինչի համար պայքարել ենք։ Իսկ պայքարի համար համախմբվել է պետք, ուրիշ ճանապարհ չունենք»,- կարծում է պատգամավորը։ Նրան հիշեցրինք Արցախի նախագահի հայտարարությունը, որ ինտեգրացիան մերժելու դեպքում լինելու են առավել «կոշտ քայլեր»։ «Այդ հայտարարությունը կարելի է մի քանի ձեւ հասկանալ, ուզում են վախեցնել, ուժ գործադրել, բայց մենք, կրկնում եմ, ամեն ինչին պետք է պատրաստ լինենք ու դիմակայենք»։
Ի դեպ, Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ Արայիկ Հարությունյանի վկայակոչած «Ադրբեջանի խողովակը» ՀՀ իշխանություններն են, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո էլ Ա․ Հարությունյանը բավականին ծանր տպավորություններով է վերադարձել Արցախ եւ թիմին հանձնարարել է ընթացք տալ սահմանադրական փոփոխություններին, որով հնարավորություն կտրվի խորհրդարանին՝ նախագահի հրաժարականի դեպքում նոր նախագահ ընտրել, մինչդեռ գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի դեպքում ավտոմատ լուծարվում են նաեւ խորհրդարանը եւ կառավարությունը, եւ նոր ընտրություններ են հայտարարվում։ Արցախում ստեղծված իրավիճակում շատերը վստահ են, որ նախագահի հրաժարականից հետո Ադրբեջանը թույլ չի տա նոր ընտրություններ, քանի որ գլխատված եւ առանց իշխանությամբ Արցախն ավելի շուտ կխժռեն։ Այսպիսով՝ Արայիկ Հարությունյանը որոշել է պատրաստ լինել ֆորս մաժորի, քանի որ իրեն ճնշում են թե՛ Հայաստանից, թե՛ Բաքվից, իսկ Արցախի ժողովուրդը մերժում է ինտեգրացիան․ «Որպեսզի ֆորս մաժորի դեպքում երկիրն անտեր չմնա, պետականությունը չկորցնենք, փոփոխությունները դրա համար են արվում։ Ինչ մնում է հրաժարական տալուն, էս պահին հաստատ հրաժարական չի տա, հաջորդ պահի համար էլ չեմ կարող պատասխան տալ, պարոն Հարությունյանից պետք է հարցնեք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փոխանցում է Եվրոպայի ճնշումը, Եվրոպան է ճնշում գործադրում։ Բայց Եվրոպան որտե՞ղ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, ընդհանրապես՝ ո՞վ է Եվրոպան, որ մեր ապագան որոշի, մենք պետք է կանգնենք ռուսի կողքը։ Լավ է թե վատ է՝ նրանք պետք է անեն»։ Ռուսները չեն կարողանում բացել ճանապարհը՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարող։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, երեւի չեն ուզում երկրորդ ճակատը բացել՝ Ուկրաինային զուգահեռ»։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկվի Սահմանադրության փոփոխության նախագիծը, որպեսզի հնարավորինս շուտ կյանքի կոչվի այդ փոփոխությունը։ Իսկ եթե Հայաստանը Բաքվին զուգահեռ շարունակի ինտեգրացիայի հարցում պնդումները, ապա ԱՀ նախագահը հետ չի կանգնի հրաժարականի որոշումից։ 

Արայիկ Հարությունյանին փոխարինողների անուններ են անգամ շրջանառվում, որոշ լուրերի համաձայն՝ նախագծի ընդունումից հետո կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ, որպեսզի իշխանությունն ու ընդդիմությունը որոշեն, թե ում է խորհրդարանն ընտրելու նոր նախագահ։ Մեր աղբյուրներն ասում են, որ, այդուհանդերձ, այս պահին կոնսենսուս կա Սամվել Բաբայանի թեկնածությունը մերժելու հարցում։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ հանրությունը ոչ մի գնով չեն ընդունում Բաբայանի թեկնածությունը։ Այլ անուններ են շրջանառվում՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի, պետնախարար Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի հորեղբորորդի, պատգամավոր Արթուր Հարությունյանի եւ ԱԽՔ Սամվել Շահրամանյանի։