«Բոչկա են գլորում իրար վրա»․ ազատամարտիկը՝ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի մասին

«Բոչկա են գլորում իրար վրա»․ ազատամարտիկը՝ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի մասին

Մեկ ամսից ավելի է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, սա ներկայացում է, որի նպատակը Արցախը հայաթափելն է։ Այս ներկայացման մեջ ներգրավված են նաև Արցախի և Հայաստանի իշխանությունները։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը՝ խոսելով Արցախում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին։

«Եթե այսպես քնած մնանք, Ադրբեջանը շատ հեշտությամբ իր նպատակին կհասնի։ Անգործ ու աննպատակ նստածների շարքում ոչ միայն երկու հայկական պետությունների ղեկավարներն են, այլ նաև ընդդիմությունը։ Ընդդիմություն չունենք, ընդդիմությունն իր անգործությունն ապացուցեց։ Իրավիճակն այնպիսին է, որ ելք տեսնելն էլ է բարդ»,-ասաց նա։

Հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու համար պաշտոնական Հայաստանն ու Արցախը քայլեր չեն ձեռնարկել, հայկական երկու երկրների ղեկավարները, պարզապես, ուղիղ կամ անուղակի կերպով «կշտամբում են իրար»։ Իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար հայաստանյան կողմը բավարար ֆինանս է տրամադրել Արցախին, սակայն վերջինիս պնդմամբ՝ ԼՂՀ իրադրության շուրջ կապված որոշումները պետք է կայացնի ԼՂՀ իշխանությունը։

«Այսպես մեկնաբանեմ՝ եթե երկու գող իրենց ավարը կիսել չեն կարողանում, բնականաբար, սկսում են իրար մեղադրել։ Վաղուց եմ ասել՝ այս ամենի մեջ մեծ մեղավորը միայն ՀՀ իշխանությունը չէ, Արցախի իշխնությունը կարևոր դեր ունի ստեղծված իրավիճակում։ Արայիկ Հարությունյանն ամենամեծ դավաճանական ցանցի ներկայացուցիչներից մեկն է և 44-օրյա պատերազմի նման ավարտը նաև նրա մեղքով էր։ Հիմա մեկը մյուսի վրա «բոչկա է գլորում», մեղադրում, սակայն արցախյան իշխանության այսօրվա բռնած դիրքը ևս տարօրինակ է, երբ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որտեղի՞ց են այդ ցուցումները գալիս, ինչո՞ւ մինչև հիմա Փաշինյանին չէր մեղադրում, հակառակը՝ գլուխը կախ լսում էր, ի՞նչ է փոխվել»,-շեշտեց Գրիգորյանը։

Գնդապետի խոսքով՝ հայկական կողմը պետք է իր ուժերով առաջ գնա և ո՛չ ռուսական կողմը, ո՛չ Արևմուտքը չեն ապահովելու մեր անվտանգությունը։

«Մեզ մնում է կա՛մ իշխանափոխություն անել, կա՛մ իշխանությունների գործելավոճը 180 աստիճանով փոխել։ Այս իշխանություններից դրական քայլ սպասելն անշնորհակալ գործ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Գրիգորյանը նկատեց՝ Վարդանյանի դիտարկումը ճիշտ է, սակայն դժվար է հասկանալ, թե ով է այդ պայքարը տանելու։

«Պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմը կարող է գնալ անհասկանալի նվիրատվությունների ճանապարհով և կարող է թշնամուն տարածքներ հանձնել հենց այնպես։ Ադրբեջանը որդեգրել է մի ձեռագիր, որին մեր իշխանությունները հեշտությամբ հանձնվում են՝ մի փոքր ճնշում, սպառնալիք և մենք պատրաստ ենք զիջումների։ Երկու տարբերակ են թողել Արցախի համար․ կա՛մ հայերը դուրս են գալիս Արցախից, կա՛մ Ադրբեջանը բացում է ճանապարհը ու ցույց տալիս, որ իրականում ագրեսորի կարգավիճակում չէ, աշխարհին ցույց կտա, թե Արցախի լավն է ուզում։ Երկու տարբերակն էլ մեզ համար ցավոտ է, որքան էլ երկրորդ տարբերակը բարի թվա՝ սա նույնպես հայաթափման քայլ է։ Սա է իրավիճակը՝ Ադրբեջանը հետ չի կանգնում իր բռնած ուղղուց, հայկական կողմն էլ Ադրբեջանի ասեղն է թելում»,- եզրափակեց Գրիգոր Գրիգորյանը։

 

Լիաննա Թորոսյան