Ավելի քան 10 տարի շահագործել էին կնոջը. մուրացկանությամբ զբաղվելուն դրդած տղամարդը կալանավորվել է․ (տեսանյութ)

Ավելի քան 10 տարի շահագործել էին կնոջը. մուրացկանությամբ զբաղվելուն դրդած տղամարդը կալանավորվել է․ (տեսանյութ)

Թրաֆիքինգը կամ մարդու շահագործումը սկսվում է գայթակղությամբ՝ հեշտ ու շահավետ աշխատանք, կյանքը կտրուկ բարելավելու խոստումներ: Ստրկական վիճակը գալիս է հետո, երբ արդեն զոհը մտնում է խաղի մեջ, կուլ տալիս խայծը, դառնում խոցելի ու կառավարելի: Այդ պահից սկսվում են սպառնալիքները, ծեծը, նվաստացումը:

Հայաստանում շահագործման ամենատարածված ձևերից մեկը մուրացկանության մեջ ներգրավելն է։ Եվ քանի որ մուրացկանությամբ գումար վաստակելու համար հարկավոր է մարդկանց մեջ առաջացնել գութ ու կարեկցանք, թրաֆիքինգի այս տեսակին զոհ են դառնում հասարակության խոցելի խմբերը` հիմնականում մանկահասակ երեխաներ ու տարեց մարդիկ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունը վերաբերում էր հենց տարեց կնոջ շահագործմանը: Այդ դեպքում էլ ամեն ինչ սկսվել էր գայթակղությամբ:
2009 թվականին կինը վարձով բնակվել է Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Նորածանոթ տղամարդուն կինը խնդրել է սարքել իր մոր գերեզմանը: Ըստ կնոջ` գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար: Կինն այդ գումարը չուներ, և տղամարդը, գումարը թեկուզ մաս-մաս ստանալու պայմանով, կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց:
Հետագա միջոցառումերով Նոր Նորքի ոստիկանները պարզեցին, որ մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել էր Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն էր ստացել թոշակը:
Կարող է հարց ծագել, թե ինչու այդ ողջ ընթացքում կինը չէր դիմել իրավապահներին: Պատասխանը նման դեպքերում միշտ նույնն է. սկզբում ամաչել է, հետո` վախեցել: Կինը ոստիկաններին պատմել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է պարզապես փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: Ի դեպ, այդ ամենին տեղյակ էր և որոշակիորեն աջակցում էր նաև տղամարդու կինը:
Մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորեցին հատուկ կացարանում:
Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվեցին: Ամուսնու խուզարկությամբ հայտնաբերվեցին տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ավելի տպավորիչ արդյունքներ տվեց ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկությունը: Հայտնաբերվեցին և առգրավվեցին կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմեց 1 միլիոն 299 հազար 750 դրամ:
Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է:
Նշենք, որ 188-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով: Սակայն հատկապես նման հարցերում ոստիկանության նպատակը ոչ թե պատիժն է, այլ արատավոր երևույթի կանխումը: Եվ այդ երևույթները կանխելու նպատակով ոստիկանությունը մշտապես ձեռնակում է կանխարգելիչ միջոցառումներ, համագործակցում շահագրգիռ բոլոր կառույցների հետ:


Նույն հետևողականությամբ թրաֆիքինգի դեմ պայքարում են ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, ու նաև այդ հետևողականության արդյունքում Հայաստանում նվազել են մարդու շահագործման դեպքերը: Սակայն երևույթը բացառելու անհրաժեշտ պայման է քաղաքացիների բարձր իրավագիտակցությունը: Նման դեպքեր նկատելիս, առավել ևս` թրաֆիքինգի զոհ դառնալիս, առանց ամաչելու և առանց վախենալու անպայման և անմիջապես պետք է դիմել իրավապահներին: Հիշեք, երբ ոստիկանությունը ձեր կողքին է` դուք չէ, որ պետք է վախենաք կամ ամաչեք: Ի վերջո, ամենաամոթալին այն է, որ այսօր մեր հասարակությունում հնարավոր են ստրկության ժամանակակից դրսևորումներ:

Տեսանյութն՝ այստեղ