iPhone-ներում մեծ քանակությամբ գովազդ կհայտնվի

iPhone-ներում մեծ քանակությամբ գովազդ կհայտնվի

Apple-ը նախատեսում է ավելացնել գովազդների քանակը նախապես տեղադրված iPhone հավելվածներում եւ բրենդի այլ սարքերում։ Այս մասին ասվում է Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանի զեկույցում։

Ըստ Գուրմանի՝ Apple-ն արդեն գովազդի ներքին թեստավորում է իրականացրել Maps սերվիսի շրջանակներում. ակնկալվում է, որ օգտատերին առաջարկություններ կտրվեն մոտակա ռեստորաններ կամ խանութներ փնտրելիս։ Ըստ թղթակցի՝ բիզնեսի սեփականատերերը կվճարեն ընկերությանը՝ որոնման արդյունքներում ավելի բարձր տեղ գրավելու համար, ինչն լրացուցիչ եկամուտ կստեղծի բրենդի համար։

Գուրմանը նաեւ կարծում է, որ գովազդ շուտով կարող է հայտնվել Podcasts եւ Books հավելվածներում։ Այս պահին այդ երկու ծրագրերում, ինչպես նաեւ Maps-ում գովազդ չկա։

Նշվում է, որ նմանատիպ գովազդային մոդել արդեն օգտագործվում է App Store-ում. մշակողը կարող է վճարել, որպեսզի իր հավելվածը կամ խաղն առաջինների թվում ցուցադրվի օգտատերին։ Գուրմանը կարծում է, որ ապագայում այդպիսի համակարգը կարող է գրավել iPhone-ում նախապես տեղադրված բոլոր սերվիսները։