15 զինվորների սպանողին ու վառողին պետք է նույն ձևով պատժեն․ Հայկի հայրը պահանջում է

15 զինվորների սպանողին ու վառողին պետք է նույն ձևով պատժեն․ Հայկի հայրը պահանջում է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից մեկը շարքային Հայկ Կիրակոսյանն էր։ Հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադարձավ քրեական գործի զարգացումներին։ 

«Կրկնակի դատաբժշկական փորձաքննություն պետք է անցկացվի։ Սպասում ենք պատասխանի։ Ես մտածում եմ, որ ամեն ինչ կազմակերպվում է պետության օգտին։ Առաջին օրվանից էլ միայն պետական վարկածն է առաջ քաշվել և հենց այդ ուղղությամբ էլ գործը տարվում է»,-նշեց Գաբրիել Կիրակոսյանը։

Հայկի հայրը բացառում է առաջ քաշված վարկածը, որովհետև համոզված է՝ տղաները, եթե մինչ հրդեհը մահացած չլինեին՝ կփրկվեին։

«Բոլորը բարձր մակարդակ ունեցող, խելացի տղաներ էին։ Ինքնապաշտպանական բնազդով կարող էին դուրս գալ այդ կացարան կոչվածից։ Կջարդեին դուռն էլ, պատերն էլ։ Իմ տղան ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Նրանք բոլորը սապյորներ էին։ Ադրբեջանը կերազեր մի գիշերվա մեջ 15 զինվոր սպաներ ու այն էլ բոլորը սապյոր։ Իմ կարծիքով, բանակում սապյորը շատ մեծ դեր ունի. սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-նշեց Հայկի հայրը։

Հայկը հոր հետ միշտ խոսել է իր երազանքների մասին։ Ասում է՝ որդին բազմաթիվ նպատակներ ուներ ու հաստատ շատ հայրենանվեր գործեր կաներ, եթե չսպանվեր։

Գաբրիել Կիրակոսյանը վստահ չէ, բայց ուզում է հավատալ, որ վարչապետը կհրահանգի գործը բացահայտել։

«Ես չգիտեմ ինչ պատիժ կսահմանվի 15 տղաներին դաժան մահվան դատապարտած տականքի համար։ Ես անգամ դա չեմ պատկերացնում։ Ես կցանկանամ, որ նրան նույն ձևով վառեն։ Ես ուզում եմ, որ բացահայտվի կատարվածը, որ ծնողները գլուխները բարձին դնելուց միայն սգան որդու մահը և իմանան, որ մարդասպանը պատժված է»,- ասում է նա։

Գրեթե մեկ տարվա ծառայող էր։ Հայրն ասում է, որ  արդեն հետհաշվարկ էին սկսել, թե քանի օրից է տուն գալու։

Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Մասնակցել է սեպտեմբերյան մարտերին։

«Երեկոյան 10:30-ի սահմաններում զանգեց։ Չգիտեի, որ առավոտյան վատ լուր կգա։ Ցավալի է, որ նմանատիպ կացարաններ դեռ կան ու լինելու են։ Սև գործը կարողացան անել, որովհետև այդ պայմաններն էին։ Պետության   համար մոդուլային տնակներ դնելը մեծ բան չի, բայց զինվորը արժեք չի ու սա է ցավալին»,-ընդգծում է Գաբրիել Կիրակոսյանը։

Հայկի հայրն ասում է, որ որդին ժամը 12-ից հետո խոսել է ընկերուհու հետ և բարձր տրամադրություն է ունեցել։

Մեր զրուցակիցը հավաստեց, որ ինքը բոլոր միջոցներով պայքարելու է արդարության հասնելու համար։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։

Լուսին Ղազարյան