Ո՛չ իմ, ո՛չ մեր ընտանիքից որևէ մեկի հետ հայրս կապ չի հաստատել. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքում է ԿԽՄԿ լուրը

Ո՛չ իմ, ո՛չ մեր ընտանիքից որևէ մեկի հետ հայրս կապ չի հաստատել. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքում է ԿԽՄԿ լուրը

Այսօր լուր տարածվեց, թե ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: 

Մասնավորապես, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ տղամարդուն դիմավորել են ԿԽՄԿ պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։

Սակայն MediaHub-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան, նշեց, որ չգիտի, թե ինչու է այդպիսի լուր տարածվել, քանի որ ո՛չ իր, ո՛չ ընտանիքի  անդամներից որևէ մեկի հետ իր հայրը չի խոսել: Ավելին՝ իրենք տեղյակ չեն, թե որտեղ է հայրը.

«Ասում են, թե նա Բաքվում է, բայց ես դրան կասկածում եմ: Գուցե Շուշիում է, չգիտեմ»,- ասաց Վերան:

Նրա խոսքով, հայրը անհապաղ վիրահատվելու կարիք ունի, նրան պետք է պրոթեզավորեին. «Սա մղձավանջ է ուղղակի»,- շեշտեց դուստրը:

Վերջինս վաղը ժամը 11.00-ին ակցիա կիրականացնի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ապա ԿԽՄԿ գրասենյակի մոտ: Ասում է՝ հույսն ավելի շատ հայրենակիցների հետ է կապում, քան այս կառույցների.

«Երևի միայն ու միայն իմ հայրենակիցների հետ եմ հույսս կապում, որ մի կերպ հասցնենք աշխարհին, որ պետք չի մեզ այսքան ոտնահարել: Մենք պետք է լինենք միասնական, ես իսկապես կարծում եմ, որ այդպես է հնարավոր այս արհավիրքը կանգնեցնել»,- փոխանցեց նա:

Հիշեցնենք, երեկ Լաչինի միջանցքից Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ: Այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ Վ. Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է: