Երևանում հերթական անգամ թալանել են հայտնի էլեկտրոնային ծխախոտների խանութ․ Shamshyan

Երևանում հերթական անգամ թալանել են հայտնի էլեկտրոնային ծխախոտների խանութ․ Shamshyan

Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հերթական խանութի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 16/20 հասցեում գործող «Սմոլ հաուս Արմենիա» խանութը թալանել են, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Տեղում պարզվել է, որ մայիսի 24-ի ժամը 22։00-ից միչև մայիսի 25-ի ժամը 09։50-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը, կոտրելով նշված խանութի երկաթե դուռը, մտել է ներս և այնտեղից հափշտակել էլեկտրոնային ծխախոտներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություներով նշված խանութը և դրան հարակից մի քանի խանութներ բազմաթիվ անգամ թալանել են ու շատ դեպքերում տուժողները չվստահելով համայնքային ոստիկանությանը, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար չեն էլ դիմել ոստիկանություն ու երեկ նշում էին․

«Դիմենք, չդիմենք, անկապ տանելու են բերեն ու գողին կամ գողերին չեն էլ բռնելու։ Հիմա էլ հույս չունենք թե այս դեպքը կբացահայտվի մինչ դեռ գողությունը արձանագրելու պահը նկարահանած տեսախցիկների կադրերն էլ ենք տրամադրում, բայց ոչ մի օգուտ։ Արդեն մտածում ենք, որ տեղի ոստիկանները մատերի արանքով են նայում նման հանցագործությունների բացահայտմանը կամ էլ օդից կախված տեղեկություներով ոստիկանները դրանց հետ լավ էլ կապի մեջ են։ Ո՞վ է տեսել գլխավոր փողոցում խանութ թալանեն ու գիշերը ոչ մի ոստիկան չշրջի, եթե ոստիկանները գոնե ժամը մեկ շրջեն այդ փողոցներով գողերը կիմանան, որ հակաօրինական գործողություններ անելիս կնկնեն ոստիկանների թակարդը։ Հիմա թասիբի հարց է, որ գոնե բռնեն գողերին ու հայտնաբերեն գողունը»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով խանութին հերթական անգամ պատճառվել է մոտ 1 մլն 200 հազար դրամի վնաս։