Արթուր Հովհաննիսյանն Արցախի փրկությունը տեսնում է կոմունալ ծախսերը փոխհատուցելու մեջ

Արթուր Հովհաննիսյանն Արցախի փրկությունը տեսնում է կոմունալ ծախսերը փոխհատուցելու մեջ

Պատերազմին հաջորդող տարում՝ 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից վճարվել են Արցախի մեր բոլոր հայրենակիցների կոմունալ ծախսերը,  բնակչության անշարժ գույքի վնասները, առողջապահական ծախսերը, պետական ամբողջ հատվածի  աշխատավարձերը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ՔՊ-ականները Շուշիի և Հադրութի կորուստը փորձում են «քողարկել» կոմունալ վճարների փոխհատուցման քողի տակ՝ արցախահայությանն օգնելու սուրբ պարտականությունը, որպես «լավություն» ներկայացնելով հանրությանը: 

Ողջ կյանքում տարբեր «ընդդիմադիր» լրատվականներում լրագրող աշխատած Արթուր Հովհաննիսյանն այսօր փորձում է Մաքիավելի ներկայանալ և խոսում է արցախյան հարցից, որի մասին նա, հավանաբար, կարդացել է պատգամավոր դառնալուց հետո՝ Վիքիպեդիայից: Արցախյան պատերազմի ծանրագույն հետևանքների ֆոնին, երբ հայ ազգը կորցրել է հազարավոր զավակներ, տասնյակ հազարավորները դարձել են հաշվանդամ՝ Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է կոմունալ վճարումների մասին ՀԴՄ-ները՝ Փաշինյանն է միշտ սիրում խոսել ՀԴՄ-ների մասին, կարծես թե հայրենիքը հնարավոր է հետ բերել, Շուշիում կրկին ծածանել հայկական դրոշը՝ կոմունալ վճարումները փոխհատուցելով:

Ի գիտություն Արթուր Հովհաննիսյանի՝ Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը՝ ՀՀ-ն է և արցախահայությանն օգնելը, ֆինանսապես աջակցելն ու զինված ուժերի միջոցով նրանց անվտանգությունն ապահովելը՝ ամրագրված է բոլոր հնարավոր անվտանգության ռազմավարություններում:

ՔՊ-ականները ցանկանում են ընդդիմության ցույցերից, ամեն օր թափ հավաքող ժողովրդական ալիքից հանրության ուշադրությունը շեղել ինչ-որ վիճակագրական տվյալների կամ թվերի վրա, սակայն դա անօգուտ զբաղմունք է: ՀՀ քաղաքացիների համար ՔՊ-ականների հեռացումն այլևս այլընտրանք չունի:

Վահրամ Բագրատյան