Փաշինյանի ու Խաչատուրյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքի վտանգավոր տողատակերը

Փաշինյանի ու Խաչատուրյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքի վտանգավոր տողատակերը

Երեկ ուշացումով, երբ արդեն բոլոր դաշնակից ու բարեկամ երկրների ղեկավարները շնորհավորել էին Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, շնորհավորական ուղերձ հղեցին նաև Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Բնականաբար՝ Խաչատուրյանը շնորհավորեց Փաշինյանից հետո։ Թե ինչու ուշացումով՝ պարզ է․ սա ևս տեղավորվում է ՀՀ իշխանությունների կողմից հակառուսական քաղաքականության տրամաբանության մեջ, բացի այդ նախօրեին, երբ արդեն ակնհայտ էր Պուտինի հաղթանակը, ու բոլորը հերթով շնորհավորում էին նրան, Փաշինյանը զբաղված էր Տավուշի մարզում որոշ գյուղեր հանձնելու նախապատրաստական աշխատանքներով։ 

Բայց ուշագրավն այստեղ ոչ միայն ուշացումով շնորհավորելն է, այլ շնորհավորական տեքստը, որը կազմվում և հաստատվում է ԱԳՆ-ի կողմից։ Նախ նկատենք, որ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Վահագն Խաչատուրյանի ուղերձներում որևէ ջերմություն ու բարեկամական երկրին բնորոշ խոսք չկար՝ կցկտուր և ստանդարտ, արարողակարգային մի երկու տող էր ընդամենը, որոնցով կարող էին շնորհավորել, ասենք, Վենեսուելայի կամ Տանզանիայի նախագահին։ Դաշնակից ու բարեկամ համարվող երկրի նախագահին, կարծում ենք, մի քիչ ավելի այլ տեքստով էր պետք շնորհավորել։ 

Բայց նույնիսկ այդ ստանդարտ, ձևական ու «անջիգյար» շնորհավորանքի մեջ դիվանագիտական, քաղաքական ու սիլլոգիստական բնույթի մի քանի հարց է առաջանում, որոնք գուցե վրիպած լինեն շատերի աչքից։ 

Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանն իր շնորhավորանքում ասում է․ «Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների»։

Նախ Փաշինյանը, որ արդեն վեց տարի է՝ ճանաչում է ավելի քան քսան տարի Ռուսաստանը ղեկավարող Պուտինին, պետք է որ լավ իմանար՝ նրա ղեկավարմամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկխոսությունը վստահաբար կզարգանա՞, թե՞ կասկածներ ունի, որ կզարգանա, դրա համար է ընդամենը հույս հայտնում, որ կզարգանա։

Նմանատիպ մի բան էլ նախագահ Խաչատուրյանն է ասել․ «Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը»։

Նա էլ է հույս հայտնել՝ վստահության փոխարեն, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախագահ նշանակված Վահագն Խաչատուրյանի մոտ էլ կասկածներ կան և վստահության բացակայություն Պուտինի գործունեության մասով։ Բայց նրա ուղերձի վերևի հատվածն էլ պակաս ուշագրավ չէ․ «Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա»։

Այսինքն, եթե Պուտինը չվերընտրվեր, մեր երկու երկրների միջև բովանդակալից երկխոսությունը անհնա՞ր կլիներ շարունակել։ Իսկ, ահա, այս հատվածում նաև տողատակ կա՝ «հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա»։

Սրանով Վահագն Խաչատուրյանը թերևս ուզում է ակնարկել, որ մինչ այժմ այդ երկխոսությունը այդքան էլ փոխադարձ հարգանքի և մեր երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված չեն եղել, դրա համար էլ այս անգամ նա հատուկ շեշտադրում է անում հենց այդ հանգամանքի վրա։

Ի դեպ, եթե այլ երկրների ղեկավարներ Պուտինին շնորհավորել են նախագահական ընտրություններում տարած վստահ հաղթանակի համար, Հայաստանի ղեկավարությունից որևէ նման ձևակերպում չկա։ Ռուսաստանին ու ՌԴ իշխանություններին պարբերաբար բացահայտ կամ ակնարկներով կոռուպցիայի, ընտրակեղծարարության և դեմոկրատական արժեքներին դեմ գործելու մեջ մեղադրող ՀՀ իշխանությունները չեն կարողացել նշել, որ ՌԴ-ում ընտրություններն անցել են, օրինակ, ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանաիշներին համապատասխան ձևով, բայց չեն էլ կարողացել գրել, որ Պուտինը վերընտրվել է կեղծիքով ու ժողովրդավարության հերն անիծելով, եթե իսկապես այդպես է եղել։

Վերջին տողով թե՛ նախագահ Վահագն Խաչատուրյանը, թե՛ նրան այդ պաշտոնում կարգած Նիկոլ Փաշինյանը «հարգելի Վլադիմիր Վլադիմիրիին» մաղթել են առողջություն, երջանկություն, բարօրություն և  հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Համարենք, որ առողջությունն ու երջանկությունը զուտ ձևական, արարողակարգային բնույթի մաղթանք են, որը էթիկայից ելնելով մաղթում են նույնիսկ նրան, ում մահն են հոգու խորքում տենչում։ Բայց այ Ուկրաինայի ու դրանով նաև ամբողջ արևմտյան աշխարհի դեմ պատերազմի ելած ՌԴ նախագահին հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթելու տակ միայն զուտ արարողակարգային բնույթի մաղթանք հասկանալը, կարծում ենք, «դիվանագիտական մեղք է»։

Եթե դու, որպես երկրի ղեկավար, հաջողություններ ես մաղթում ՌԴ նախագահին, ուրեմն դու ուզում ես, որ նա առաջնահերթ հաղթի ռուս-ուկրաինական պատերազմում և Ռուսաստանի դրոշը ծածանի, օրինակ, Կիևի նախագահական շենքի գլխին։ Վստահաբար, պատերազմում գտնվող ՌԴ նախագահի համար թիվ մեկ հաջողությունը նախևառաջ հենց պատերազում հաղթանակ տանելն է, ոչ թե, ասենք, նոր հեռախոս կամ նոր մեքենա ձեռք բերելը կամ կարիերայում պաշտոնի առաջխաղացում գրանցելը։ Եթե դու քո մաղթած հաջողության տակ դա չես ցանկանում ՌԴ նախագահին, ուրեմն դու կեղծում ես քո շնորհավորանքը։ Իսկ եթե ցանկանում ես, ուրեմն դու ակամա նաև դիրքորոշում ես հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի հարցում՝ քո աջակցությունը հայտնելով Ռուսաստանին։ 

Եթե մի քիչ էլ խորանանք՝ չընկնենոլվ, իհարկե, ծայրահեղությունների գիրկը, այդ շնորհավորական ուղերձի ու մաղթանքների տակ կհայտնաբերենք նաև ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող ցանկություն։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները պարբերաբար իրենց ելույթներում ակնարկում, երբեմն էլ բացահայտ հայտարարում են, թե Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, և որ ՌԴ-ն ուզում է վերացնել Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն՝ այն մտցնելով Միութենական պետության կազմում։ Հետևաբար, երբ Հայաստանի անունից պաշտոնապես հաջողություններ ես մաղթում ՌԴ նախագահին, դու ուզում ես, որ նա հաջողություններ գրանցի նաև «Հայաստանի ինքնիքիշխանությունը վերացնելու և այն ՌԴ ենթակայության ներքո գուբերնիա դարձնելու գործում»։ Հետևաբար, հիմա ո՞վ է «չերեզ Պուտին ու Ռուսաստան» սպառնում ՀՀ ինքնիշխանությանը։

Վահե Մակարյան