Ավելի քան մեկ միլիարդ մետամֆետամինի հաբ է առգրավվել

Անցյալ տարի Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայում ավելի քան մեկ միլիարդ մետամֆետամինի հաբ է առգրավվել, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է, որը, ըստ ՄԱԿ-ի, ընդգծում է սինթետիկ թմրանյութերի տարածաշրջանային առեւտրի «ապշեցուցիչ» աճը:
Ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նոր զեկույցի` մետամֆետամինի արտադրությունն ու վաճառքն աճում է Ստորին Մեկոնգի երկրներում՝ Կամբոջայում, Լաոսում, Վիետնամում, Թաիլանդում եւ Մյանմայում:
Սա թույլ է տալիս ասիական նարկոկարտելներին միլիարդավոր դոլարների սինթետիկ թմրանյութերով հեղեղել շուկաները, նույնիսկ` չնայած նրան, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է պայքարել Covid-19 համավարակի դեմ:
«Մետամֆետամինի եւ սինթետիկ թմրանյութերի առեւտրի մասշտաբներն Արեւելյան եւ Հարավարևելյան Ասիայում ապշեցուցիչ են, եւ, այնուամենայնիվ, դրանք կարող են շարունակել ընդլայնվել, եթե տարածաշրջանը չփոխի իր մոտեցումը եւ չվերացնի այն հիմնական պատճառները, որոնք թույլ են տվել հասնել այս կետին»,- նշել է Հարավարեւելյան Ասիայում ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Ջերեմի Դուգլասը: