Ի՞նչ գործով են կանչում Փաշինյանի թիկնապահին, Գյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն ՔՊական պատգամավորներին հատուկ հրահանգ է իջեցրել Փաշինյան Նիկոլը: «Քոչարյան Անդոյի պաշտոնանկության հարցը խորը թաղել, հակառակ պարագայում՝ կնշանակի դեմ դուրս գալ անձամբ իմ դեմ»,-ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների ասել է Փաշինյանը։
Ասում են՝ վերջինիս հրահանգը ի գիտություն է ընդունել նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով այդ ամենը «պադպոլնի» կազմակերպողներից մեկն էր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն (կգործի ՏԻՄ օրենքի այն նորմը, որ եթե նիստ է գումարվում, եւ երկու անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, ու 30 օր անց ընտրություն է նշանակվում), սակայն տեղի քաղաքական դաշտում, մասնավորապես ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։
Մասնակցելու նախնական մտադրությունների մասին են հայտնել Դոգի ղեկավարած ԴՕԿ-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», ինչպես նաեւ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Փոխարենը ռադիկալ ընդդիմադիրները դեռ լռում են։ Մենք տեղեկացանք, որ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ են կոնսուլտացիաներ իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։
Բանն այն է, որ իշխանությունն անակնկալի է բերել ընդդիմադիր դաշտին, եւ պոտենցիալ թեկնածուները կարծում են, որ ժամանակ չկա նորմալ պատրաստվելու, իսկ հապճեպ ընտրություններում հնարավոր չէ հաղթանակ տանել, ուստի մտավախություն կա, որ Գյումրիում ՔՊ-ն ուզում է կրկնել Երեւանի փորձը՝ կառավարում ստանձնել Արամ Զավենիչի եւ Դոգի հետ համագործակցությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։ Իսկ ինչ քրեական գործով են նրան դատարան կանչում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը Երեւան քաղաքի դատարանում է, եւ այն քննելու է դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:
Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու հիմքով, Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։ Եվ ահա, գործով վկաներից մեկը Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանն է, որին էլ կանչել են դատարան»: