Երեխաս չի խոսում, բայց հասկացնում է, որ միրգ է ուզում․ 5 երեխաների մոր կյանքը դժոխքի է վերածվել

Երեխաս չի խոսում, բայց հասկացնում է, որ միրգ է ուզում․ 5 երեխաների մոր կյանքը դժոխքի է վերածվել

Արցախում շարունակվող բլոկադան մարդկանց կյանքը դժոխքի է վերածել։ Հինգ անչափահաս երեխա ունեցող Ռուզաննան չէր էլ պատկերացնի, որ կյանքի ինչ-որ փուլում այսքան անզոր ու անօգնական կարող է իրեն զգալ։ Ամեն օր հինգ երեխայի ուտելիք փնտրող հայացք ու անզոր վիճակ․ դատարկված Արցախում մայրը չգիտի՝ ինչ անել։

«Երկու երեխաներս հաշմանդամություն ունեն։ Տղա երեխաներ են, զարգացման խնդիր ունեն։ Իրենց հատուկ խնամք է պետք, վիտամիններ, դեղեր։ Բայց հիմա ոչինչ չկա, վիտամին էլ փնտրում ես, եթե մեկն ունի, այնպիսի գնով է վաճառում, որ չգիտես՝ ինչպես գնել, ինչպես վճարել»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Ռուզան Տոնյանը։ 

Նրա խոսքով՝ Արցախում կյանքն աննկարագրելի բարդ է դարձել, ապրել չի լինում, խանութները դատարկ են, եթե մի տեղ էլ որևէ ապրանք կա, ապա կրակի գնով։

«Միրգ, բանջարեղենի սեզոն է, երեխաներս դա էլ չեն կարողանում ուտել։ Երկու տղաներս չեն խոսում, բայց հասկացնում են, որ ուտել են ուզում, միրգ են ուզում։ Իսկ հիմա այդ ամենը չկա։ Իրենք սովոր են միրգ ուտելուն, իրենց համար դա կարևոր է։ Հիմա նյութազրկվել են, նիհարել»,- նշեց մայրը։

Նա տեղեկացրեց, որ երեխաների խնամքը միայն ինքը չէ, որ չի կարողանում հասցնել։ Արցախում շատ են ընտանիքները, որ այս նույն վիճակում են։

«Ամուսինս աշխատում է, զինծառայող է, երկու հաշմանդամություն ունեցող երեխաներիս համար էլ նպաստ ստանում ենք, բայց միևնույն է, այս թանկության պայմաններում ապրել չի լինում»,- ասաց նա։

Ռուզաննան նշեց, որ կաթնամթերքին կարոտ են մեծանում երեխաները, սովոր էին մածուն, թթվասեր ուտելուն, հիմա այդ ամենը չկա․ ինչ լինի, ուտում են։

«Երեկ ձեթով գարոխ էի պատրաստել, դա ունեինք, երեխաս թունավորվեց, ամբողջ գիշեր հետ ա տվել։ Անգամ մեքենա չկա, որ հիվանդանոց տանենք։ Հաշմանդամություն ունեցող երեխաներիս էլ նյարդաբանի մոտ չենք կարողանում տանել, դե ճար չկա, ինչ անենք։ Ու երեխեքս հետ են գնում, մինչդեռ, պարտադիր է նրանց համար նյարդաբանի մոտ ամեն այցը։ Ինչքան հնարավոր է, գրկած տանում եմ, բայց 11 տարեկան տղա երեխային ինչքա՞ն գրկած հասցնեմ հիվանդանոց»,- նշեց նա։

Ամեն մտքի վերջում Ռուզաննան կրկնում է՝ կյանքը շատ-շատ է բարդացել։ 

«Հացի հերթերը կիլոմետրերի են հասնում, եթե ստացվում է, երկու հաց գնում ենք, յոթ հոգով ուտում։ Ու սա ապրել է կոչվում»,- նշեց նա։

Մյուս երեխաների դեպքում, մայրը պատմում է, խնդիրը փոքր-ինչ այլ է, նրանք հասկանում են, որ չկա, կոնֆետ, հյութ, քաղցրավենիք ուղղակի չկա։ Իսկ հաշմանդամություն ունեցող փոքրիկներին այդ ամենը բացատրել չի լինում։

Այս դժոխքը երբ կավարտվի, ոչ ոք չգիտի, բայց այս պահին Ռուզաննան մի խնդրանք ունի՝ օգնել իր ընտանիքին ու ձեռք մեկնել, որ ինքը կարողանա խնամել իր հինգ երեխաներին։ 

Նարե Գնունի