Ո՞րն է Տոնոյանի քայլը

Հակակոռուպցիոն դատարանը թույլատրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին օգոստոսի 1-ին և 2-ին Ազգային ժողովում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:
Սա ուշագրավ փաստ է:
Բանն այն է, որ Տոնոյանը սկզբում հրաժարվել էր մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին՝ առաջ քաշելով վարչապետի հետ, այսպես ասած, առերեսման և ուղիղ հեռարձակման պահանջները:
Առաջին պահանջը մերժվել է, սակայն Տոնոյանը կարծես հնարավորություն է ստանալու՝ օնլայն ռեժիմով սեփական տեսակետները հասցնել ոչ միայն հանձնաժողովի անդամներին, այլ նաև հասարակությանը:
Տեսականորեն ազատազրկված գեներալը երկու հնարավորություն կամ ճանապարհ ունի՝ նպաստել պատերազմի հանգամանքների բացահայտմանը կամ խոսք ասել, որը կարող է իշխանության հետ կոմպրոմիսի դաշտ բացել:
Երկրորդ ճանապարհն ընտրել են մի շարք զինվորականներ, որոնք ժամանակավորապես գուցե ապահովագրել են իրենց, բայց մեծ հաշվով՝ համաձայնել են, որ զինվորականության, այսինքն՝ իրենց կամ ընկերների վրա բարդվի պատերազմի պատասխանատվության բեռը:
Առաջին ճանապարհը գուցե մոտ ապագայում ավելացնի Տոնոյանի տառապանքները, բայց նրան բարոյական ուժեղ խաղաթուղթ է տալու հեռանկարում, ինչը թույլ կտա «մաքրել» ոչ միայն իր, այլ բազմաթիվ զինվորականների անունները՝ թույլ չտալով, որ նրանք կարգվեն պարտության «մեղավորներ»:
Վահրամ Բագրատյան