Անհրաժեշտ է ոչ թե տարին 12 կամ 24 ամիս փոսալցում անել, այլ մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է ճանապարհների փոսային նորոգումների վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությանը։
«Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ արված այս հաղորդագրությունը ամբողջովին բացահայտում է կառավարման և աշխատանքի որակը, կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը։
Որպես մեծ ձեռքբերում հայտարարվում է, որ այսուհետ տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով։ Այսինքն՝ փաստվում է, որ ասֆալտապատման աշխատանքները շարունակելու են իրականացնել անորակ, բայց տարին 12 ամիս փոսերն են նորոգելու։
Չեմ անդրադառնում, որ Երևանում մեքենա վարելը վերածվել է համակարգչային խաղի, և ամեն խաչմերուկում պետք է ներդնել «փոսի պարեկ» համակարգը։
Արդյունքում, այսօր Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում, և տարեկան մոտ 4 մլրդ դրամ Երևանի բյուջեից հատկացվում է ասֆալտի վերանորոգմանը՝ փաստացի իրականացնելով հանրային միջոցների անարդյունավետ վատնում։
Ընդհարապես, երբ ուսումնասիրում ես եվրոպական քաղաքների բյուջեն, չես գտնում ասֆալտի նորոգման և նմանատիպ ծախսերի տողեր։ Քաղաքի արդյունավետ կառավարման և հանրային միջոցների արդյունավետ ծախսման համար անհրաժեշտ է ոչ թե տարին 12 կամ 24 ամիս փոսալցում անել, այլ մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել, որոնք տասնամյակներ նորոգելու կարիք չեն ունենա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։