«Քանաքեռցի Տույի» գործով մարդիկ են կալանքից ազատվել, Պետք է ստանանք Ալեքսանյանի ոսկե մեդալը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարաններում առեղծվածները շարունակվում են։
Դատարաններն ինչ-որ զարմանալի հանդուրժողականությամբ կալանքներից ազատում են երեք անձի սպանություն կատարած անձանց։
Մասնավորապես, ArmLur.am-ը նախկինում արդեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը 2 անգամ կալանքից ազատել և տնային կալանք խափանման միջոց է կիրառել խմբի կազմում ապօրինի ձեռք բերած և պահած, ինքնաձիգերով 3 անձի սպանություն կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։
Ընդ որում, առաջին անգամ կալանքը վերացնելուց հետո` դատախազի և տուժողի կողմից ներկայացրած բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և կրկին կալանավորել էր մեղադրյալին։
Սակայն, դա դատավոր Մանվել Շահվերդյանին չէր խանգարել, որ ի հեճուկս Վերաքննիչ դատարանի այս որոշման` ևս մեկ անգամ վերացնի Հովհաննես Սիմոնյանի կալանքը։
Իհարկե, այդ որոշման դեմ դատախազը և տուժող կողմը կրկին բողոք էին ներկայացրել, և վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր այդ որոշումը։
Դատարանների գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր անձ միանգամից կասի, որ նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է` հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում` հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում, բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, նաև վերաքննիչ դատարանի կողմից, այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց, դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը:
Բայց դրանով առեղծվածները չեն ավարտվում։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմա էլ դատավոր Էդուարդ Մկրտչյանն է կալանքից ազատել և որպես խափանման միջոց` տնային կալանք կիրառել «Քանաքեռցի Տույի» և նրա 2 ընկերների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանի նկատմամբ, ով 6 ամիս փախուստի մեջ էր գտնվում, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Հենց այդ պատճառով էլ նրա վերաբերյալ քրգործը առանձին վարույթում է քննվում։
Ընդ որում, ամենահետաքրքիրը հենց այն է, որ կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը դատավորը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոստիկանության՝ կալանավորներին դատարան տեղափոխող ստորաբաժանման աշխատակիցները կալանավորված Տիգրան Հարությունյանին մի քանի անգամ դատարան չեն տեղափոխել կամ նախատեսված նիստի ժամից ուշ են տեղափոխել։
Ստացվում է, որ եթե պետությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը և ինչ-որ պատճառով կալանավորին չի տեղափոխում դատարան կամ ուշ է տեղափոխում, ապա դատավորը նրան պետք է ազատ արձակի կալանքից։ Բայց այլ, հատկապես` քաղաքական գործերով, նման ազատումներ չեն լինում:
Մնում է հասկանալ, թե այս ինչ անտեսանելի ձեռք է միջամտում այս գործին, որ տարբեր դատավորներ նման հանդուրժող վերաբերմունք ունեն 3 անձանց սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանի կնոջ հայրը նախկինում ՀՀ քաղաքացիական Վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարանների նախագահն է եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օլիմպիական խաղերի ամենաշոկային հարվածը հայ մարզասերների համար լեգենդար Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալի նվաճումն էր, քանի որ հայ հանրությունը վստահ էր, որ նա ոսկե մեդալակիր է լինելու` անվիճելիորեն: Բայց, պարզվում է, լուրջ խնդիրներ կան. մենք կրկին ազգովի բախվել ենք անարդարության և պետք է պայքարենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանը ևս արժանա ոսկե մեդալի:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով Փարիզում հետևում էր օլիմպիական խաղերին:
– Պարո՛ն Թամրազյան, նկատեցինք, որ Փարիզում էիք և երկրպագում էիք Օլիմպիական խաղերին մասնակցող մեր ըմբշամարտիկներին։ Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների պատրաստվածությունն ու մասնակցությունը։
-Մեր մարզիկների պատրաստվածությունը բարձր եմ գնահատում. նրանք բոլորն էլ հանդես եկան արժանիորեն։ Արթուր Ալեքսանյանը, հատկապես, ցույց տվեց, թե ինչու է նա հանդիսանում հայ ամենատիտղոսակիր մարզիկը։ Արթուրը նաև համաշխարհային ընբշամարտի պատմության մեջ է ամենատիտղոսակիրներից։ Միայն Լոպեզն ունի օլիմպիական 5 մեդալ, Կարելինը՝ 4 և Ալեքսանյանը՝ 4. սա գրեթե անգերազանցելի նվաճում է։
– Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություններ ունեք օլիմպիական խաղերից։
-Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ` մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր։
– Ի՞նչ նկատի ունեք, կպարզաբանե՞ք։
-Ալեքսանյանի եզրափակիչ մարտի ընթացքում իրանցի ընմբիշը երկու ոտքով, ակնհայտ, գորգից դուրս վիճակում էր, ինչի արդյունքում նրան միավորներ չպետք է տրվեին, և մեկ միավոր պետք է տրվեր Ալեքսանյանին։ Արդյունքում` հաշիվը կլիներ 2։1` հօգուտ Ալեքսանյանի։ Մեր մարզիչները բողոքարկեցին այդ դրվագը, սակայն բողոքարկումը մերժվեց։ Սա խայտառակ կողմնակալության վառ օրինակ էր՝ ուղղված մեր մարզիկների դեմ։ Ի դեպ, սա միակ դրվագը չէր այս օլիմպիական խաղերի անարդար մրցավարության։
-Եթե չմերժվեր հայկական կողմի բողոքը, Արթուր Ալեքսանյանը կհաղթե՞ր։
– Միանշանակ, Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի: Արթուրի կարիերայում սա առաջին դեպքը չէ, երբ անարդար մրցավարությունը խոչընդոտում է նրա հաղթանակը։ Հիշենք` Տոկիո 2021-ը։ Նախկինում այդ դեպքերը անտեսվել են, բայց այս անգամ չպետք է լռենք, դա ստորություն կլինի։ Մարզիկներով միայն հպարտանալը բավարար չէ, պետք է տեր կանգնել նրանց հաղթանակներին։ Եվ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, ու հաղթանակը մերը կլինի։ Սա կօգնի, որպեսզի հետագայում էլ մեր մարզիկները պաշտպանված լինեն։
Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին` Արթուր Ալեքսանյանին` հայկական սպորտի կենդանի լենգենդին, Փարիզից դիմավորեն որպես օլիմպիական չեմպիոնի։ Արթուրն իսկապես հաղթել է, և սա բարոյական հաղթանակների հերթական շարքից չէ։ Եթե այս անգամ էլ մենք մեր մարզիկներին տեր չկանգնենք, ապա կկործանենք սպորտը, ու կկորցնենք պրոֆեսիոնալ մարզիկների»: