Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, որ մետրոն փոխեցիք ամենագնացով. հարց՝ Հարությունյանին

Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, որ մետրոն փոխեցիք ամենագնացով. հարց՝ Հարությունյանին

Վարչապետի աշխատակազմի  ղեկավար  Արայիկ Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք պատկերացնում անկլավների փոխանակման կամ հանձման տարբերակը, այդ թվում նաև Տիգրանաշենի: Երեկ Մոլդովայում հնչեցրել են այդ հարցը, Տիգրանաշենի պարագայում ինչպիսին է Ձեր և Ձեր քաղաքական թիմի դիրքորոշումը:

-Ես կարծում եմ վարչապետը այդ հարցերին ամբողջական պատասխան տվել է, և ավելացնելու բան չունեմ։

-Իսկ Արցախի ժողովրդի կարծիքը հարցնելը․․․ 

-Կարծում եմ վարչապետը էդ հարցով ամբողջական պատասխանել է։

-Պարո՛ն Հարությունյան, լուրեր կան, որ  կա Կառավարությանը ներկայացված խաղաղության պայմանագիրը, որը 120 էջից է բաղկացած։ 

-Չկա նման փաստաթուղթ։ Ես տեսել եմ էդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ է դրա համար  հեռացվում։ Դա աբսուրդ է, սուտ, կեղծիք։

-Անկլավների թեմային վերաառնանք. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն անհանգստացած են, եթե այդ անկլավների հավանական սցենարը տեղի ունենա, ապա իրենք․․

-Հավանական ի՞նչ սցենար։    

-Վերադարձվի Ադրբեջանին, որովհետև վարչապետն ասում է ՝ քաղաքական կամք կա դրանք վերադարձնելու։

-Տարբեր տարբերակներ են քննարկվում և այս պահին որևէ լուծում չկա, որից կարող ենք անհանգստանալ կամ  ոչ։

- 2018-ին ասվում էր ՝ պետք է վերջ տանք քաղաքական ծառայողական մեքենաներին, բայց տարեցտարի դրանց թիվը ոչ միայն չի պակասում, այլև ավելանում է։ Սա հետքայլ չի՞ Ձեր նախընտրական խոստումներից կամ ընդհանուր առմամբ հայտարորություններից՝ մետրոյով երթևեկելու վերաբերյալ ։

-Որ տվյալների վրա եք  հիմնվում, որ ավելացել է։ 2020 թվականին եղել է 84 աշխատակազմի  մեքենա։ Ներկայում մենք ունենք  40  մեքենա։ Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը նվազել է 11%-ով, դրա նախորդ տարին՝ 6%։ Այսինքն՝ սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է 84%-ից 40%։ 

-Ընդհանուրի մեջ պետական հիմնարկների ծառայողական մեքենաների թիվն աճել է և հազարը գերազանցում է, նախորդ տարի շուրջ 900-ի շրջանակում էր, այս տարի ավելացել է։

-Մի հատ հարցում կանեք, մենք կնայենք կասենք, թե ինչից կարող է ավելացած լինել։ Մենք հիմա նոր, պայմանական ասած, մատյանային համակարգ ենք ներդնում, որտեղ էլեկտրոնային եղանակով բոլոր գերատեսչությունները, ՊՈԱԿ-ները, ՓԲԸ-ները և այլն պետք է իրենց տվյալները ներբեռնեն։ Կարող եմ ենթադրել , որ կարող է ներբեռնման և գործարկման խնդիր լինի։
Արայիկ Հարությունյանը նաև պատասխանեց MediaHub-ի հարցին․ 

-Պարո՛ն Հարությունյան, Դուք նախկինում մետրոյով էիք շրջում, օրինակ ծառայում, հիմա խոսում եք, որ անհրաժեշտություն կա լուսաձայնային փարոսիկ տեղադրել Ձեր մեքենայի վրա, որովհետև երբեմն չեք հասցնում, շտապում եք։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, որ մետրոն փոխարինվեց ամենագնացով։

-Երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է, քան նման այլ միջոցներով տեղափոխվելը։ Դա ասել եմ հեղափոխությունից օրեր անց։