Ադրբեջանցիներին վերադարձնում են, իսկ մեզ գնդակի պես տշում․ գերու հարազատը՝ ՀՀ իշխանությունների մասին

Ադրբեջանցիներին վերադարձնում են, իսկ մեզ գնդակի պես տշում․ գերու հարազատը՝ ՀՀ իշխանությունների մասին

Երեկ Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկն է հայտնաբերվել, մյուսին դեռ փնտրում են։ Բայց հայաստանյան իշխանությունները դեռևս որոշում չունեն՝ ինչպես են վարվելու այդ երկու ադրբեջանցիների հետ՝ գերի են վերցնելու, թե՞ վերադարձնելու են Ադրբեջանին։ Մի բան պարզ է․ ՔՊ-ն այսօր Սարգիս Խանդանյանի շուրթերով հայտարարեց, թե իրենք "կյանքերի վրա բանակցելու քաղաքականություն չեն վարում և կողմ են գերիների շուտափույթ վերադարձին"։

Այս հայտարարությունը, մեղմ ասած, զայրացնում է գերիների հարազատներին, որոնք այս պահին էլ դեպի Բավրայի անցակետ տանող ճանապարհին են, ակցիա են իրականացնում ու պահանջում, որ իրենց հարազատներին վերադարձնելուն ուղղված քայլեր արվեն։

«Դե իհարկե, կվերադարձնեն։ Բա մեր տղանե՞րը։ Էլ դուռ չմնաց, որ չթակենք։ Գնդակի պես էստեղից էնտեղ են տշում, չգիտենք՝ ում դիմենք, ինչ ասենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ռազմագերի Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադին։

Նա նշեց, որ դեռ մեկ տարի առաջ իրենց հայտնել էին, թե տղաներին վերադարձնելու համար բանակցություններ են վարում, և շուտով նրանց կվերադարձնեն։

«Բայց մեր 26 տղաները դեռ ադրբեջանական բանտերում են։ Ո՞ւմ դիմենք։ Ոչ ոքի հետ կապված հույս չունենք, ոչ ոքի էլ չենք հավատում։ Դուրս ենք եկել, ճանապարհ ենք փակում, վաղն էլ մի այլ բան կանենք, որ մեզ էլ լսեն, մեր ձայնն էլ հնչի։ Արդեն բոլորիս համբերության բաժակը լցվել է»,- նշեց Արկադին։

Ըստ նրա՝ եթե այս ադրբեջանցիներին պահեն ու գոնե երկու հայ գերու հետ փոխանակեն, էլի երկու տան ճրագ կվառվի։

Նարե Գնունի