Քաղաքապետի ընտրության մեր նպատակը իշխանափոխությունն է․ Ուրիխանյան

Քաղաքապետի ընտրության մեր նպատակը իշխանափոխությունն է․ Ուրիխանյան

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին սպասվող ընտրություններում կուսակցությունների առաջադրման գործընթացում դեռ տեղաշարժ չկա։ Կուսակցությունները դեռ ԿԸՀ ցուցակ չեն ներկայացրել։ 

MediaHub-ը «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ ընտրություններին մասնակցելու հաստատակամ որոշումից հետո, դեռ որևէ գործընթաց չեն սկսել, վերջինս պատասխանեց․

«Մեր որոշումը վերջնական է, բայց ցուցակում որոշ հարցականներ կան, որոնք կապված են քաղբանտարկյալ մեր թիմակիցների հետ, օրինակ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը»։

Հարցին, թե ծրագրային ինչ նպատակներ ունի Ուրիխանյանն իր թիմակիցների հետ և ինչ քայլեր են ձեռնարկում ընտրություններից առաջ, մեր զրուցակիցը արձագանքեց․

«Գլխավոր խոստումը իշխանափոխության հասնելն է։ Երևան քաղաքի ավագանու ընտրությունները մեզ համար իշխանափոխության արշավի առաջին քայլն է։ Այսինքն, մեր խոստումը մեկն է՝ վռնդել այս իշխանությանը, մնացածը երկրորդ և երրորդ տեղերում են»։

Ուրիխանյանը չպատասխանեց այն հարցին, թե ովքեր են ցուցակի 1-ին և 2-րդ համարներում, վերջինս շեշտեց, որ այս մասին միայն կհայտնեն այն ժամանակ, երբ հստակ տեղեկանքներ կունենան։ 

Հիշեցնենք, որ դեռ ապրիլին «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ հայտնելով, որ պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին:

«Որոշում է կայացվել մասնակցելու Երևանի ընտրություններին։ Որպես Ալյանս կուսակցության ղեկավար՝ երկար քննարկումներ եմ ունեցել Հանրային ձայն կուսակցության նախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արտակ Գալստյանի հետ։

Ունենք մեկ ընդհանուր գաղափար` Երևանի ընտրությունները դարձնել հականիկոլական, հակաթալանչիական, հակաթուրքական և հակաազգակործան պրոցես, ձևավորել լայն դաշինք և վռնդել իշխանություն կոչվածներին և նրանց հետ համատեղ իշխող որոշ նախկիններին մայրաքաղաքից։ Դրանով նաև սկիզբ դնել ամբողջական իշխանափոխության։

Քննարկումներն ընթացել են ևս մի քանի ընդդիմադիր հարգարժան գործընկեր ուժերի հետ։ Հուսամ, որ Հանրային ձայնի մեր գործընկերների ամրությունն ու տոկունությունը ոչինչ չի կոտրի, և մենք կգնանք Հայրենիքը քրքրողներից ազատվելու ճանապարհով։ Մնացած մանրամասները 5 ամիս առաջ իմ խոստացած 10 եթերների ընթացքում, որոնք շուտով վերջապես կսկսվեն»,- գրել էր նա։ 

Լիաննա Թորոսյան