Կալանքի որոշումը կա, սակայն դեռևս տանն է․ «Պատրոն Դավոյի» փաստաբան

Նախօրեին գրել էինք, որ բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը, նույն ինքը «Պատրոն Դավոն», կրկին կալանավորվել է։
Ըստ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։
ԲԴԽ հայտարարության համաձայն՝ Գալստյանը կալանավորվել էր, սակայն, MediaHub-ի տեղեկություններով՝ նա դեռ տանն է։
Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը: Նա ասաց, որ կալանավորման որոշում կա, սակայն այժմ իրենք սպասում են վարույթ ընդունող մարմնի որոշմանը, թե որ ՔԿՀ պետք է տեղափոխվի Դավիթ Գալստյանը։
«Այս պահին Դավիթ Գալստյանը տանն է»,- ասաց փաստաբանը։
Նարե Գնունի