Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում

Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և այդ երկրի խորհրդարանին. հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Կանադան միշտ եղել է, կա, և վստահ եմ, կլինի Ուկրաինայի, մեր յուրաքանչյուր ընտանիքի վստահելի գործընկերը: Դուք անմիջապես օգնեցիք մեզ, երբ մենք խնդրեցինք: Դուք մեզ տրամադրում եք զենք և այլ աջակցություն: Հիմա այնքան շատ բան է պետք: Դուք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեցիք, իսկապես բարոյական, իսկապես լուրջ: Այնուամենայնիվ, մենք էլ ձեզ հետ տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում է: Ռուսական զորքերը չեն լքում մեր հողը… Մենք շատ բան չենք խնդրում: Մենք խնդրում ենք արդարություն։ Մենք իրական աջակցություն ենք խնդրում, որը կօգնի մեզ գոյատևել և պաշտպանել մեր կյանքը», – ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Կանադան արդեն ցուցաբերում է անհրաժեշտ առաջնորդություն Ուկրաինային օգնելու հարցում, սակայն ավելին է անհրաժեշտ։

«Սակայն մեզ ավելի շատ առաջնորդություն է պետք, ավելի շատ մասնակցություն ձեր կողմից: Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է մեզ համար պաշտպանել մեր երկինքը ռուսական հրթիռներից, ինքնաթիռներից: Դուք կարող եք ազդել այդ ամենի վրա», – ասել է նա:

Նախագահը կարծում է, որ Կանադան ի վիճակի է ստիպել էլ ավելի շատ ընկերությունների հեռանալ ռուսական շուկայից, որպեսզի «պատերազմի համար ոչ մի դոլար չմնա»։

«Եթե նրանք մնան Ռուսաստանում և հովանավորեն պատերազմը, նրանք չպետք է իրավունք ունենան աշխատելու Կանադայում: Հետևաբար, ես խնդրում եմ ձեզ՝ մի՛ կանգնեք: Դա մեզ խաղաղություն կպարգևի… Մի՛ դադարեք օգնել Ուկրաինային: Կանադայի հետ մեր հակապատերազմական կոալիցիան, որը մենք ուժեղացնում ենք, անպայման արդյունք կտա»,- հավելել է նախագահը:

Պետության ղեկավարն առանձին-առանձին անդրադարձել է նաև Կանադայում գտնվող ուկրաինական սփյուռքին։

«Այս պատմական պահին է, որ մենք ձեր արդյունավետ օգնության կարիքն ունենք: Եվ դուք պետք է ձեր քայլերով ապացուցեք, որ դուք Ուկրաինայի պատմության մի մասն եք՝Ուկրաինայի կենդանի պատմության, քանի որ մենք ուզում ենք ապրել: Եվ մենք ձգտում ենք խաղաղության»,- ելույթն ամփոփել է Զելենսկին։

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Կանադան զենքի նոր խմբաքանակ է ուղարկում Ուկրաինա։ Խոսքը բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի մասին է։