Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին․ Հարությունյան

Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին․ Հարությունյան

Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին, Բորելը ևս հայտարարել է այս մասին և Արցախի Հանրապետության իշխանության դիրքորոշումը նույնպես սա է։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ «Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին»,-ասել էր նա՝ հավելելով, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

«Հումանիտար բեռները Հայաստանից Արցախ կարող են հասնել Լաչինի միջանցքով։ Ադրբեջանի հայտարարությունները դիսոնանս են առաջացնում, քանի որ Արցախն այս վիճակում է Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում և այն երկիրը, որը մեզ շրջափակել է և մեզ զրկել բոլոր հումանիտար հնարավորություններից, ասում է, որ ես քեզ հումանիտար օգնություն են ցուցաբերում այս կամ այն ճանապարհով։ Սա տարակուսանք է առաջացնում»,-ընդգծեց Հարությունյանը։

Հիշեցնենք, Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնությունը՝ 361 տոննա, արդեն երրորդ օրն է, ինչ Կոռնիձորում է. Ադրբեջանն արգելել է մուտքը Հակարի կամրջով, որակելով սա սադրանք, հայկական կողմն էլ սպասում է ռուս խաղաղապահների պատասխանին՝ արդյոք հնարավոր է բեռը հասցնել պաշարված Արցախ:

Լիաննա Թորոսյան