ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է․ մանրամասներ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է․ մանրամասներ

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն) այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից 2022 թվականի հունիսի 30-ին կայացված դատավճռով Լևոն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 9 տարի ժամկետով ազատազրկման:

Նշված դատավճռի դեմ Լևոն Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել էր, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները: