Գալիս էի երազանքս իրագործելու՝ Արարատի գագաթ բարձրանալու. Արենին արդեն Լիբանանի ճանապարհին է

Գալիս էի երազանքս իրագործելու՝ Արարատի գագաթ բարձրանալու. Արենին արդեն Լիբանանի ճանապարհին է

Արենի Մարկոսյանը Արարատ լեռը բարձրանալու նպատակով էր եկել Հայաստան, սակայն չէր էլ պատկերացնում, որ հայրենիքում նրան «անակնկալ» է սպասվում։ 

ԱՄՆ քաղաքացի Արենիին սկզբում արգելել են մուտք գործել Հայաստան, հետո 24 ժամ օդանավակայանում պահելուց, այնտեղ առանց իրերի գիշերել ստիպելուց հետո հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել հետ վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր Հայաստան։

MediaHub-ին Արենի Մարկոսյանը պատմեց, որ Հայաստան էր գալիս իր կյանքի երազանքն իրագործելու համար. Արարատի լեռան գագաթին հասնելու, եռագույնը դնելու համար իր հետ սփյուռքահայ այլ ընկերներ էլ էին եղել։ 

Վերջին անգամ Հայաստանում 2019 թվականին է եղել, 2 շաբաթով, ընկերների ու ընտանիքի հետ։ Իսկ այսօր արդեն տեղեկանում է, որ իր մուտքը ՀՀ արգելված է։

«Ինձ պատճառ չասացին, ամեն անգամ, երբ հարցնում էի, ասում էին՝ չգիտենք։ Նույնիսկ, երբ հստակեցվեց, որ սև ցուցակում եմ, դեռ չէին կարողանում ասել, թե ինչն է պատճառը»,-ասաց նա։ 

Հարցին, թե արդյո՞ք Արենին նախկինում քաղաքական հայտարարություններով աչքի է ընկել, վերջինս պատասխանեց․

«Այո, ես բազմաթիվ քաղաքական հայտարարություններ եմ արել Հայաստանի կառավարության դեմ։ Բազմաթիվ ելույթներ եմ ունեցել կառավարության դեմ և մասնակցել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Այֆ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի կողմից կազմակերպված անհնազանդության գործողություններին: Հավատում եմ, որ Հայաստանի իշխանության կողմից եմ թիրախավորվել»,-պատմեց Արենին։ 

Սփյուռքահայի խոսքով՝ դեռ չի մտածել բողոքարկման գործընթացի մասին։ «Կքննարկեմ այս հարցը նրանց հետ,  ովքեր ավելի լավ գիտեն, թե  այս ոլորտում ինչպես պետք է գործել և թե ինչ հաջորդ քայլեր պետք է ձեռնարկեմ»։ 

Արենին հացադուլ սկսելու մասին էր նույնիսկ մտածում, սակայն չարեց, քանի որ նրան կրկին Լիբանան ուղարկեցին։ 

«Երեկվա կատարվածն ամբողջությամբ չէի պատմել մայրիկիս, որ չանհանգստանա, վախենում էի, որ դա  նրա առողջության վրա ազդի։ Բայց այսօր առավոտյան նա տեսավ տեսանյութը և այդպես էլ իմացավ ամեն ինչ։ Իրականում, նա հպարտ էր և աջակցում էր ինձ։ Հայրս հպարտ, հայրենասեր դաշնակցական էր, ցավոք, այս տարվա սկզբին նա կյանքից հեռացավ, բայց ես գիտեմ, որ նա նույնպես կհպարտանար ինձնով»,-ամփոփեց Արենին։

Նշենք, որ երիտասարդ կինը Դուբայի օդանավակայանում է,  դեռ Լիբանան չի հասել:

Լիաննա Թորոսյան