Արցախն ու բանակը հզորացնելու փոխարեն ՔՊ-ն զբաղված է գազաբալոններով

Չլիցենզավորված գազաբալոններն օգոստոսի մեկից չեն լիցքավորվի: Այդ մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Արցախը՝ հայաթափվում է, Սյունիքը՝ վտանգված է, արտաքին պարտքը հասել է 11 միլիարդ դոլարի, սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը դրդում է ՀՀ քաղաքացիներին արտագաղթել, իսկ ՔՊ-ականների հիմնական խնդիրը՝ գազաբալոններն են: ՔՊ-ն ոչ թե ծիծաղում է ՀՀ քաղաքացիների վրա, այլ սա նրանց ինտելեկտուալ ներուժի վառ արտահայտությունն է: Բանակը հզորացնելու և Ալիևին հակադարձելու փոխարեն նրանք կենտրոնանում են գազաբալոնների վրա՝ ավելի դժվարացնելով ՀՀ քաղաքացիների առօրյան:
ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են՝ արդյոք այդ հարցը չի մտահոգում ՔՊ-ի անդամ Գնել Սանոսյանին, թե ավելի կարևոր են գազաբալոնները: ՔՊ-ի համար կշեռքի մի նժարի վրա գազաբալոններն են, իսկ մյուս նժարի վրա՝ Արցախի ապագան և անպաշտպան սահմանները: Գործող իշխանությունները որդեգրել են ՀՀ քաղաքացիների ուշադրությունը մանր, աննշան հարցերի վրա շեղելու ռազմավարությունը: ՔՊ-ի անգործության հետևանքով ՀՀ-ում հազարավոր խնդիրներ են ծագել, իսկ ՔՊ-ն ՀՀ հպարտ քաղաքացիներին «կերակրում» է Հիսուս Քրիստոսի արձանի շուրջ արհեստական աղմուկով կամ գազաբալոնների հարցով:
ՀՀ քաղաքացիներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են ՔՊ-ի կառավարման ցավալի արդյունքները, սակայն փողոց դուրս գալու փոխարեն նախընտրում են արտագաղթել: Սա լրջագույն ազգային անվտանգության խնդիր է պետության համար։
Այս իրադրությունից իրականում օգտվում է վարչական լծակներին տիրապետող ՔՊ-ական թիմը` արհեստականորեն երկարաձգելով պաշտոնավարման ժամկետը։
Վահրամ Բագրատյան