Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021-ի փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հյուրընկալվելով լրատվամիջոցներից մեկին, պատասխանել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարվածի մասին հարցերի։ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: «Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր»,- ընդգծում է նա։

Պարզվում է, սակայն, որ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով մինչև այս պահը իրավապահ ու ուժային որևէ կառույցում քրեական գործ չկա հարուցված, այսինքն՝ սպանության փորձ չի եղել:
Նոյեմբերի 9-ի գիշերը, այո, մի խումբ անձինք բռնություն են կիրառել Միրզոյանի նկատմամբ, ինչից հետո ԱԺ նախագահին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով:

Այլ կերպ ասած՝ հարուցված քրեական գործը կապված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրա ընթացքում բռնություն գործադրելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով նրա լիազորություններից բխող գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու հետ։

Եվ, փաստորեն, Փաշինյանի այն հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ին մի խումբ անձինք այժմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի նկատմամբ մահափորձ են իրականացրել, պարզապես սուտ էր»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում