Ուկրաինայի խաղաղությունը կսկսվի փուլային տարբերակով, ՔՊ-ն Սարիկին փոխարինող թեկնածու ունի․ Մամուլը՝ սուրճով

Ուկրաինայի խաղաղությունը կսկսվի փուլային տարբերակով, ՔՊ-ն Սարիկին փոխարինող թեկնածու ունի․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկացավ, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն՝ խաղաղության բանակցության եւ Թրամփի հետ հաշտության համար։ Հիշեցնենք, որ Թրամփն արդեն դադարեցրել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։ Ռուսական քաղաքական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՌԴ նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու քայլերի հաջորդականությունն է սահմանել՝ առաջարկելով փուլային լուծում։ Վլադիմիր Պուտինն իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, եւ կողմերը որտեղ կանգնած են՝ կմնան այդ տեղում, ու այն կդառնա նոր սահմանային գոտի։

ՌԴ-ից ստացվող տեղեկությունների համաձայն՝ 3 տարի տեւող պատերազմը խաղաղությամբ ավարտելու մասին փաստաթուղթը կկնքվի Ուկրաինայի նոր ղեկավարի հետ, որը կընտրվի նշանակվելիք ընտրություններում։ Եթե կրկին կընտրվի Զելենսկին, նրա հետ կկնքվի հիմնական փաստաթուղթը, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենա:
Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2024 թվականին, բայց 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո երկրում հայտարարվեց ռազմական դրություն, որի ընթացքում Սահմանադրությամբ արգելվում է ընտրությունների անցկացումը։

Եթե փորձենք ամփոփել ռուս-ուկրաինական պատերազմի 3 տարիներին վերաբերող ինֆորմացիոն գրոհը, կարող ենք ասել, որ պատերազմի հանգուցալուծումը մոտ է եւ սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ, հայտնում են ռուսական աղբյուրները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

«Հրապարակ» գրում է․ Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին երեք համարներին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի․ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել: Երկրորդ տեղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է` նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է: Եվ նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան: Երրորդ համարը` Էմմա Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու երիտթեւի համակարգողն է: Նա դեկտեմբերին ՔՊ-ի փրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր: