Ադրբեջանը նպատակաուղղված իրավիճակի սրման է գնում․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը նպատակաուղղված իրավիճակի սրման է գնում․ Արտակ Բեգլարյան

Կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և Հայաստանի հետ սահմանին սպանելով հայ զինծառայողի՝ Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը։ Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն ու մանրամասնել, թե այդ քայլերով ինչի է ուզում հասնել Ադրբեջանը․

Ադրբեջանը նպատակաուղղված սրում է իրավիճակը՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և Հայաստանի հետ սահմանին սպանելով հայ զինծառայողի։

Իհարկե, դա սադրանք է, որը, առաջին հերթին, մեր հասարակությանը վախեցնելու նպատակ ունի։

Մյուս կողմից, ակնհայտ են ռուս խաղաղապահներին սևացնելու փորձերը։

Այդ մասին վկայում են նաև վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում ռուսատյացության աննախադեպ միտումը։

Արդեն ավանդական դարձած հայատյացության, հայերի հանդեպ ատելության քաղաքականությանը ավելանում է պետական մակարդակով կազմակերպված ձևով ռուսատյաց քաղաքականությունը, որն, ի դեպ, ուղղված է, իր իսկ ռազմական դաշնակցին։

Դա հերթական անգամ ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը․ ատելություն սերմանելով այլ ազգերի հանդեպ և ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելով՝ հասնել սեփական աշխարհաքաղաքական նպատակներին։

Մի անգամ Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելությունից: