Ոչ թե դիվերսիֆիկացում, այլ խզում. ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ իշխանությունները

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նոր, ավելի առարկայական ճգնաժամ է հասունանում. ՀՀ-ն սկսել է բացահայտ խոսել կոնկրետ քայլերից, որոնք ուղղված են ՌԴ դեմ, ինչը իսկապես բացասական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար:
MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Արման Ղուկասյանը մտահոգություն հայտնեց այս բոլոր իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ այս ամենից նախևառաջ տուժելու է Հայաստանի տնտեսությունը, ՀՀ քաղաքացին:
«Հայ-ռուսական հարաբերություններում այսօր տեղի ունեցող գործընթացները ամենևին էլ դիվերսիֆիկացիա չէ, որովհետև երբ փորձում ես զարգացման լրացուցիչ ուղիներ փնտրել, չես քանդում զարգացման հիմնական վեկտորը, ինչպես հիմա անում են ՀՀ իշխանությունները։ Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միտումնավոր քաղաքականություն է տարվում։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները քաղաքականապես շարժվում են դեպի Արևմուտք, բայց ցանկանում են տնտեսական հարաբերություններ պահպանել ՌԴ հետ, քանի որ նրանք հիանալի հասկանում են, որ Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի ռուսական շուկային, հայկական ապրանքները մրցունակ չեն եվրոպական շուկաներում»,- ասաց նա։
Մինչդեռ, ընդգծեց Ղուկասյանը, ՀՀ ղեկավարությունը շատ հպարտ բարձրաձայնում է 2023 թվականի երկնիշ տնտեսական աճը, մոռանալով նշեց, որ այս աճը (մոտ 9%) ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության ուղիղ արդյունքն է: Այդպես, միայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 7 միլիարդ դոլար (աճը՝ 42,7%), բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն նշում այն առավելությունների մասին, որոնք տալիս են Ռուսաստանը և ԵԱՏՄ մնացած երկրները մեր տնտեսությանը:
«Փաշինյանի Ժնև և Փարիզ կատարած այցից հետո Հայաստանում հակառուսական հռետորաբանությունը շատ ավելի ակտիվացել է, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն օր հարձակումներ են գործում ՌԴ դեմ: Բայց երկրների միջև խնդրահարույց հարցերը լուծվում են այլ, փակ ռեժիմով, այլ ոչ թե նպատակային հրապարակային դարձվում։ Այնպես որ կարող ենք եզրակացնել, որ նպատակը ոչ թե այս հարցերի լուծումն է, այլ իրավիճակի էլ ավելի սրումը»,- վստահ է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվ շրջանառվող լուրերին, թե ՀՀ-ն մտադիր է դիմել Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար և հարցին, թե դրա գինը ո՞րը կլինի, Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ արտաքին ուժերը, անշուշտ, շահագրգռված են Հայաստանը տեսնել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները խզող երկիր։ Բայց, վստահ է նա, միամտություն է կարծել, որ դա չի ազդի Հայաստանի տնտեսական զարգացման վրա.
«Նման քաղաքականությունը կարող է Հայաստանին բերել, մեղմ ասած, ոչ լավ վիճակի»,- ասաց նա։
Հաջորդիվ անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման խնդրին, որին մասին ՀՀ-ն արդեն տեղեկացրել է ՌԴ-ին։ Ըստ քաղաքագետի, այնուհետ, ամենայն հավանականությամբ, փորձ կլինի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ռուս սահմանապահներին դուրս բերել Հայաստանի ողջ տարածքից, որից հետո հերթը կհասնի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային: Նա հարց է հնչեցնում՝ սա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացո՞ւմ է, թե՞ անվտանգության համակարգի, ինչպես ասում են իշխանությունները։
«Այդ քայլերն ու այն քաղաքականությունը, որ այսօր իրականացնում է ՀՀ կառավարությունը, չեն կարող ապահովել մեր երկրին լավ ապագա։ Այս քայլերը, հակառակը, մեզ համար ավելի լուրջ ռիսկեր ու սպառնալիքներ են ստեղծում։ Երբեք ՌԴ դեմ ուղղված քաղաքականությունը ոչ մի երկրի լավ արդյունք չի տվել։ Օրինակները շատ են, և պետք է միայն շուրջը նայել»,- ընդգծեց Արման Ղուկասյանը։