Եթե Ներսիսյանի անունն է շրջանառվում, գուցե, հիմք կա․ Հարությունյանը՝ հավանական փոփոխությունների մասին

Եթե Ներսիսյանի անունն է շրջանառվում, գուցե, հիմք կա․ Հարությունյանը՝ հավանական փոփոխությունների մասին

Արցախի պետական նախարարի հեռացման և նոր նշանակման մասին լուրեր կան, բայց պետք է հասկանալ, որ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի միջև որևէ խնդիր չկա։ Նախագահն ամեն դեպքում ամսի 23-ին հայտարարությամբ է հանդես գալու, պետք է սպասել։ Այս մասին այսօր

MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ իշխանական պատգամավոր Արամ Հարությունյանը։

«Հաստատված որևէ բան չկա, մոտ երկու-երեք շաբաթ առաջ էլ նման խոսակցություններ կային, բայց պարզվեց, որ ճիշտ չէ. խոսակցություններ կան, մի քանի օրից վերջնական պարզ կլինի»,-ասաց նա։

Հարցին, թե ճի՞շտ է այս իրավիճակում «պաշտոնանկությունների շարան սկսելը», վերջինս պատասխանեց՝ ճիշտ չէ, բայց օբյեկտիվ ազդակների դեպքում պետք է համապատասխան որոշում կայացնել։

«Ռուբեն Վարդանյանին նշանակել է նախագահը, ազատումը, նոր նշանակումը ևս նա է որոշում։ Այս փուլում պետք է բավականին զգույշ լինել, շրջափակման ընթացքում արտաքին վտանգները շատ են, պետք է հավասարակշռված գործել»,-նշեց Հարությունյանը։

Դիտարկմանը՝ Արցախում դժգոհ չեն Վարդանյանի աշխատանքից, Հարությունյանն արձագանքեց․

«Այո, բայց, փաստացի, Ռուբեն Վարդանյանը չհասցրեց էլ բուն աշխատանքներին անցնել, քանի որ նշանակումից հետո Արցախը շրջափակվեց, և բոլոր նախանշած ծրագրերը հնարավոր չեղավ կյանքի կոչել, դրա համար դժվար է գնահատական տալ: Ամեն դեպքում, չեմ կարծում որ դժգոհություններ կան»։

Նշենք, որ որպես նոր պետնախարար շրջանառվում է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի անունը։ 

«Փոքր քաղաք է, եթե շրջանառվում է, գուցե հիմք կա։ Ինչ սցենար էլ լինի, կուզեմ հիշեցնել, որ Ռուբեն Վարդանյանը եկել է Արցախ՝ առանց որևէ պաշտոն ակնկալիքի, այլ որոշում է ունեցել ապրել այստեղ. սա է գլխավորը, որ պետք է բոլորս հասկանանք»,- հավելեց նա։

Լիաննա Թորոսյան