Կրակոցներ Բաբայանի թիմակիցների միջև, Թաղապետը քաղաքացուն դրդել է հանցանքի․ Մամուլը՝ սուրճով

Կրակոցներ Բաբայանի թիմակիցների միջև, Թաղապետը քաղաքացուն դրդել է հանցանքի․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վահան Քերոբյանի պես իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում: Ասվածի վառ ապացույցն այն է, որ առողջապահության նախարարը գրեթե ամենուր է եւ, հատկապես, այնտեղ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Երեկ Անահիտ Ավանեսյանը վարչապետի հետ Երեւանում մասնակցում էր Ժողովրդավարության հայկական ֆորումին եւ նստած էր հենց առաջին շարքում: Իհարկե, կարեւոր ֆորում էր կազմակերպված Հայաստանում, սակայն հարց է առաջանում՝ ինչ կապ ունի առողջապահության նախարարը ժողովրդավարության հետ:

Մայիսի 28-ին էլ Անահիտ Ավանեսյանը մասնակցում էր «Վարչապետի գավաթ» մրցաշարին եւ կրկին առաջին շարքում էր կանգնած: Ստացվում է՝ կա՛մ նա էլ է գնում Վահան Քերոբյանի ճանապարհով եւ իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում, կա՛մ էլ սա հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, որ փորձում է կին պաշտոնյաներին իր հետ տանել եւ Եվրոպայի աչքերում լավ տպավորություն թողել։

Ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ Անահիտ Ավանեսյանը զբաղվի իր ղեկավարած ոլորտով, որպեսզի ծանոթով բժշկությունը փոխարինվի ինստիտուցիոնալ բժշկությամբ, որտեղ աղքատները չվճարեն հարուստների փոխարեն, ինչպես այսօր է:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում, կարելի է ասել՝ չի մարսում, որ առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը կալանքից ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ քովիդի չարաշահումների հետ կապված քրգործի շրջանակներում նա ձերբակալվեց, ապա 2 ամիս անց ազատ արձակվեց եւ վերադարձավ իր պաշտոնին։ Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բավարարեց Սիմոնյանի պաշտպանների բողոքը եւ կալանքը վերացրեց, քանի որ, ըստ վճռի, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմն անգամ հաղթահարված չէր։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյանի կալանքը չեղարկելու որոշում կայացրած դատավոր Մարաբյանը հայտնվել է խոշորացույցի տակ, կասկածներ ունեն, որ նա ներքաշված է կոռուպցիոն գործարքի մեջ, մինչդեռ համակարգում Մարաբյանն անկախ եւ մաքուր դատավորի համարում ունի: Նա այն խմբի մեջ է, ում, ասում են, հնարավոր չէ պատվեր տալ:

Հիշեցնենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա 2021-ին կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխելու համար։ Կարծիք կա, որ այդ գործը նորից քննության առարկա կդարձնեն: Պատահական չէ, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարել է առողջապահության ոլորտը, պետք է հարցաքննվի»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել իրենց թիմակիցներից մեկի մասին, ասելով՝ էս լակոտն է՞լ է մեր թիմից: Վերջինս էլ որոշել է պատիվ պահանջել։ Երկու կողմը՝ իրենց աջակիցներով, Ստեփանակերտի կենտրոնում, ոստիկանության շենքի մոտ տուրուդմփոց են սարքել։

ԱՀ դատախազությունում գործ է հարուցվել, հաղորդագրություն են տարածել, որ վեճի մասնակից կողմերը, «անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ եւ խաթարելով ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հերթապահների բնականոն աշխատանքը, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով եւ հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ», իսկ Ա․ Ա․-ն իր անվամբ հաշվառված «CZP-10M» տեսակի ատրճանակից օդ է կրակել:

Ըստ մեր աղբյուրի՝ կան ձերբակալվածներ։ Բաբայանի թիմակիցների նախորդ վիճաբանությունն էլ ավարտվել էր պատգամավոր Սեյրան Հայրապետյանի դանակահարությամբ։ Առհասարակ, Բաբայանի շուրջ հավաքվածների շրջանում հաճախ են վիճաբանություններ ու «ռազբորկաներ» լինում, հատկապես՝ հանրահավաքներից հետո»:

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության հիմնական մարտահրավերներից են փոշու արտանետումները և ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը: «Փաստի» տեղեկություններով, այս հարցի լուծման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում ձեռք է բերելու հատուկ սարքավորումներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԶՊՄԿ Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը՝ նշելով, որ խոսքը նորագույն սարքավորումների մասին է, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։

«Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում, որոնք Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի», - ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ։ Հաջորդ խնդիրը վերաբերում է ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը բացառելու խնդրին: ԶՊՄԿ ներկայացուցիչը նշեց, որ Կապանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում են գետերի մաքրման աշխատանքներ։

«Գետերը մաքրվում են բնական գետաբերուկներից և տարբեր գործոնների հետևանքով առաջացած օրգանական և անօրգանական աղտոտումից։ Սա մի ծրագիր է, որը նախատեսում է Ողջի գետի մաքրում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նմանօրինակ համագործակցություն նաև Քաջարան համայնքի հետ, որպեսզի հնարավոր լինի մաքրել Ողջի գետի այն հատվածը, որը գտնվում է Քաջարան համայնքի տարածքում»,- տեղեկացրեց Տարոն Նավասարդյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրականացվում են այլ ծրագրեր ևս, այդ թվում՝ Արծվանիկի պոչամբարի սեյսմիկ կայունության գործակցի բարձրացման ուղղությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:

Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական՝ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության, դեպքին
մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի տեղակալ Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոմանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն:

Փոխանակ օրենքը կիրառի, վարչարարությամբ արգելի ապօրինությունը, թաղապետի տեղակալը խոսակցությունը տեղափոխել է փողոցային դաշտ, այդ բառապաշարով կամ, ինչպես ասում են, «գողական բարքերով» փորձել է հարցին լուծում տալ, թե, իբր, կատարվող շինարարությունը ապօրինի է, ու մինչեւ թույլ չտա փոխթաղապետը, քաղաքացին չի կարող շարժվել սեփական հողի վրա: Եւ, ահա, այս պատմությանը հաջորդել են կրակոցները:

Պաշտոնապես հայտնի դարձավ, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի տեղակալի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Այսինքն՝ թաղապետի տեղակալը այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս պատմությանը՝ վեր հանելու, թե թաղապետ Ռոման Համբարձումյանն ինչ առնչություն ունի օրենքից դուրս գործող իր տեղակալի կրիմինալ պատմության հետ: