Նոր մահակ ԶԼՄ-ների գլխին. կառավարությունը օրենքի փոփոխություն է մշակել

Նոր մահակ ԶԼՄ-ների գլխին. կառավարությունը օրենքի փոփոխություն է մշակել

Արդարադատության նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ է մշակել ու այն քննարկման դրել e-draft հարթակում։ 

Նախարարությունն այս նախագծով ցանկանում է սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը` որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ: 

Նպատակն է առանց պետության միջամտության ապահովել լրատվամիջոցի գործունեության որակը, ինչպես նաև սահմանել լրատվամիջոցի ինքնակարգավորումը, այդ թվում՝ էթիկայի վարքականոն, ինքնակարգավորման մարմին (վարքականոնի դրույթների ապահովման մեխանիզմներ) ունենալը որպես դրա կարգավիճակի գնահատման չափանիշ։

Նախագծով նախատեսվում է նաև ինքնակարգավորման պարտականությունը կատարելուն խթանող կարգավորումներ, օրինակ, ինքնակարգավորման համակարգ ունեցող լրատվամիջոցների համար պետական/հանրային կառույցներում հավատարմագրման անվերապահ իրավունքի երաշխավորումը, ինչպես նաև զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու գործերով մինչև դատարան դիմելը այդ մարմիններին դիմելու համար խրախուսման միջոցներ։ Նաև սահմանվում են հիմքեր, որով հնարավոր կլինի տարբերակել և հանրությանը տեսանելի դարձնել օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցներ ունեցող լրատվական գործունեություն իրականացնողներին։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը մտադիր է ԶԼՄ-ներին զսպող և նրանց իրենց պատկերացրած էթիկայի և կոռեկտության դաշտ բերող գործիքներ կիրառել՝ անունը դնելով ինքնակարգավորում և սահմանելով կիրառել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի իրենց անցանկալի լրագրողների և լրատվամիջոցների համար բարդություններ առաջացնել պետական մարմիններում հավատարմագրման հարցում՝ նախապատվությունը տալով «ինքնակարգավորման համակարգ» ունեցողներին։ 

Նախագծի մեխը, թերևս, օրենքը լրացնելն է նոր՝ 6.1-ին հոդվածով: Այն վերաբերում է Մեդիա խորհուրդ ստեղծելուն և ինքնակարգավորման միջոցների ճանաչմանը:

Ըստ այդմ՝
1. Մեդիա խորհուրդը ինքնակարգավորման միջոցների կամավորության սկզբունքի վրա հիմնված միավորում հանդիսացող, լրատվամիջոցների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Մեդիա խորհուրդը իրականացնում է ինքնակարգավորման միջոցների ճանաչում ինքնակարգավորման մարմինների և էթիկայի կանոնագրերի` միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստման միջոցով:
3. Մեդիա խորհուրդի կողմից վարվում է հանրային իրազեկման միջոց տարածողների հրապարակային ռեեստրը:

Նշվում է, որ Մեդիա խորհրդի ձևավորման հանձնաժողովում ներառված են լինելու «օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ»: Թերևս, դժվար չէ պատկերացնել, թե կոնկրետ որ ՀԿ-ների ներկայացուցիչներն են ներառվելու այս գործընթացում ու մահակ դառնալու ԶԼՄ-ների գլխին:

Այս թեմային մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ։ 

Վահե Մակարյան