Ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնում է ավագանու քննող հանձնաժողովի ստեղծման գործընթաց

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրել է.
«Հարգելի՛ երևանցիներ,
ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը հետևողական աշխատանքներ են իրականացնում գործող մանկապարտեզներն ու դպրոցները հիմնանորոգելու կամ նորերը կառուցելու ուղղությամբ, նպատակ ունենալով լուծել հազարավոր երեխաների հերթագրման և կրթական պայմանների բարելավման հարցերը։
Այս ծրագիրն իրականացնում ենք, քանի որ ժամանակին տասնյակ մանկապարտեզների շենքեր և հողատարածքներ օտարվել են՝ դուրս բերվելով դրանք համայնքի սեփականությունից։ Այդ գույքերն այսօր գտնվում են տարբեր անձանց տիրապետության տակ, այդ թվում՝ նախկին քաղաքային իշխանությունների և նրանց մերձավորների:
Նախկինում համայնքային գույքերն օտարած շրջանակների քաղաքական համախոհներն ու գաղափարակից քաղաքական ուժերն այսօր մեզ մեղադրում են ամենատարբեր բաների մեջ՝ ընդհուպ մինչև թալանի, փորձելով ստվերել մեր կողմից իրականացվող բազմաթիվ աշխատանքներ։ Այդ մեղադրանքներին մանրամասն արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, սակայն այս ամենը լավ առիթ է հանրությանը տեղեկացնելու, թե որտեղից են ծագել այս խնդիրները։
Վերջին ավագանու նիստում մենք ներկայացրեցինք մի քանի տասնյակ մանկապարտեզների մասին տվյալներ, որոնց տարածքները տարիներ առաջ օտարվել են։ Ուստի վերոնշյալ գործարքներն առանձին-առանձին ուսումնասիրելու և հանրությանը ճշմարտությունն ի ցույց դնելու նպատակով Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նախաձեռնում է ավագանու քննող հանձնաժողովի ստեղծման գործընթաց:
Հանձնաժողովի խնդիրն է լինելու, հրապարակային կերպով տեղեկացնել հանրությանը բոլոր այն գործարքների պատմությունը, որոնց արդյունքում 1996-2018 թվականների ընթացքում մայրաքաղաքին պատկանող կրթական շենքերն ու տարածքները օտարվել են նախկին պաշտոնյաների և նրանց մերձավորների մասնակցությամբ։
Երևանցիները պետք է փաստերով իմանան՝ ովքեր, երբ և ինչ եղանակով են զրկել մայրաքաղաքը մի շարք համայնքային գույքերից»։