Տղամարդ չի՞, թո՛ղ դուրս գա՝ ասածների համար պատասխան տա․ հրդեհից զոհվածի մայր
Սրանք գիտեն, թե մենք կնահանջենք, ոչ՝ նահանջ չկա. կա՛մ թող մեր էրեխեքին բերեն ու տան մեզ, ոնց որ տվել ենք բանակին, կա՛մ էլ, թող դուրս գա ու իր ասածների համար պատասխան տա․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ակցիայի ժամանակ ասաց Ազատ գյուղում հրդեհից զոհված զինվորի մայրը։
«Թո՛ղ գա պատասխան տա, տղամարդ չի՞։ Մյուս կողմից Նիկոլը փախավ։ Ամբողջ կյանքը փախնելու է հայ ժողովրդից։ Ժողովուրդն իրեն ընտրեց, բայց շատ սխալվեց»,-ասաց նա։
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ։
Տեւական ժամանակ անց, երբ կառավարության ներկայացուցիչներից որեւէ մեկը չմոտեցավ ծնողներին, վերջիներս որոշեցին փակել Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան։
Հիշեցնենք, որ հրդեհից զոհված զինծառայողների ծնողները նույն պահանջով օրեր առաջ էլ փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Բանն այն է, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Ըստ ծնողների՝ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։
Հիշեցնենք, որ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանավորումից 7 օր առաջ զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ ստացվել են Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, ըստ որի՝ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից եւ այրվածքային շոկից։ Նորիկյանը նաեւ հայտնել էր, որ փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Մանրամասն՝ տեսանյութում։