Դատավոր Նաիրա Հովսեփյանն ուշացնում է դատական ակտերի հրապարակումը. փաստաբանը դիմում է Արդարադատության նախարարությանը

Դատավոր Նաիրա Հովսեփյանն ուշացնում է դատական ակտերի հրապարակումը. փաստաբանը դիմում է Արդարադատության նախարարությանը

Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ԲԴԽ-ի կողմից դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին:

Սա մեծ աղմուկ բարձրացրեց փաստաբանական հանրույթում, քանի որ ԲԴԽ-ն տույժի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, թե Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Իրավաչափության քննարկումը թողնելով մի կողմ՝ դիտարկենք նաև, թե ով է կողմ եղել այս որոշմանը, քանզի այդտեղ, ինչպես ասում են, թաղված է շան գլուխը:

Որոշմանը կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, թեև, պարզվում է, նույն Նաիրա Հովսեփյանը ևս աչքի է ընկել այդ նույն խախտումներով: Դրանց մասին բարձրաձայնում է փաստաբան Լուսինե Սահակյանը.

«Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։

Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։

2. ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»:

Ինչպես արդեն նշեցինք, այս գործը փաստաբանական հանրույթը բաժանել է ճամբարների և քննարկումները շարունակվում են: Հստակ է, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի...