ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել, Դպրոցներում պարզապես քաոսային վիճակ է. Մամուլը՝ սուրճով

ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել, Դպրոցներում պարզապես քաոսային վիճակ է. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ 

Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ից կվերսկսվեն փողոցային ակցիաները, Բագրատ սրբազանը կիրակի օրը քաղաքացիներին կոչ արեց՝ հոկտեմբերի 2-ին, 18.30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում, շրջափակել շենքը՝ թույլ չտալով, որ հաջորդ՝ կառավարության հերթական նիստի օրը Փաշինյանը մտնի աշխատավայր։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է կրթական համակարգը հիմնավորապես ավերելու համար: Ասում են, որ չնայած համակարգը ներդրվում է աստիճանաբար, տարբեր դասարաններում, բայց ամեն անգամ այնպիսի «նորամուծություններ» են մոգոնում, որ ոչ ոք ոչինչ լիարժեք չի հասկանում՝ ինչ պետք է անել ու ինչպես:

Մեծ դժգոհություն կա դասագրքերի մեծ մասի բովանդակության հետ կապված: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ դրանք այնքան խայտառակ են, որ շատ ուսուցիչներ դասագրքերի որոշակի հատված պարզապես բաց են թողնում և թեման անցնում են առանց այդ դասագրքերի: Խնդիրներ են առաջանում նաև գնահատման նոր համակարգի ներդրման առումով: Մի խոսքով, ԿԳՄՍՆ-ն պարզապես քաոս է ստեղծել դպրոցներում:

Սրան գումարած՝ մեզ հետ զրույցում մի քանի ուսուցիչներ պատմում էին, թե վերապատրաստման ժամանակ իրենց պարզ ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի, օրինակ՝ ասել. «Տղա՛ ջան, եկ գրատախտակի մոտ», «աղջիկ ջան, դասդ սովորե՞լ ես» և այլն: Մի խոսքով, սեռային տարբերությունը հիշատակելը չի խրախուսվում: Թե ինչու, և թե ինչեր են այս առումով առաջիկայում սպասվում, չեն մանրամասնել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ական պատգամավորներն արդեն երեք օր է ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:

Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը Փաշինյանի «սեղանին է դնելու»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի դեմ այս ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ:

Վերջինս ՔՊ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ դժգոհել է Գրիգոր Մինասյանից եւ նրա պաշտոնանկության հարցն է բարձրացրել:

Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է՝ եթե բավարար չափով ստորագրություններ լինեն, ապա պատրաստ է քննարկել հարցը:

Փաշինյանի նախնական «այո»-ն ստանալուց հետո՝ Արփի Դավոյանը լծվել է իր «պարտականության կատարմանը» եւ ստորագրահավաք նախաձեռնել:

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը վաղուց է ՔՊ-ի օրակարգում եղել, խմբակցության ֆորմատով դժգոհությունները մի քանի անգամ քննարկվել ու մարել են, իսկ հիմնական պատճառն էլ նախարարի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնն է եղել:

Մեզ փոխանցում են նաեւ, որ թեեւ Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցը այս օրերին ՔՊ-ի հիմնական օրակարգն է, բայց դեռ նրան փոխարինող անգամ չունեն:

Բացի այդ, Գրիգոր Մինասյանին հրամանով պաշտոնանկ անելուց հետո, ավելի բարդ փորձություն է սպասվում ՔՊ-ականներին, քանի որ պետք է նաեւ Մինասյանի «քաղաքական ընկերոջը»՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հեռացնեն պաշտոնից, ինչը առավել դժվար է իրավական առումով, քանի որ այն անկախ սահմանադրական մարմին է, եւ ուղղակի հրամանով ազատել չեն կարող:

Ուստի, հետաքրքիրն առջեւում է»: