Հայաստանը ինքնիշխանություն չունեցող երկիր է, քանի դեռ կա այս կառավարությունը

Հայաստանը ինքնիշխանություն չունեցող երկիր է, քանի դեռ կա այս կառավարությունը

Ադրբեջանի կողմից պլանավորվող էսկալացիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ
«Խաղաղության պայմանագիր լինելու է, եւ լինելու է մինչեւ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։  2020թ․-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարությանից բացի ուրիշ ոչ մի գրավոր համաձայնագիր չկա, MediaHub-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Գրավոր միջազգային փաստաթղթերը նրանք են, որոնց տակ կա ստորագրություն: Եթե ձեր ասած անձնավորությունը այդպիսի բան է ասել, ուրեմն խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է, այլ փաստաթուղթ չկա։ Կա ինչ-որ փակ նամակագրություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրար թղթեր են տալիս, ինչ-որ բաների հետ համաձայնում են, ինչ-որ բանի հետ՝ ոչ, բայց դրանք գրավոր միջազգային փաստաթղթեր չեն»,-ասաց նա։

Գրավոր փաստաղթեր չեն նույնիսկ մինչեւ այս պահը Պրահայում եւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց այդքան հղում է անում Նիկոլ Փաշինյանը ու կոչ անում Ալիեւին՝ չխախտել դրանք։

Երբ իշխանությունն ասում է՝ «ամեն գնով հասնելու ենք խաղաղության», որն այդպես էլ չի նշմարվում, ավելին՝ երեկ թշնամու դիպուկահար կրակոցից ժամկետային զինծառայող զոհվեց Երասխում,  ի վերջո ինչպե՞ս է դրան հասնելու՝ Ադրբջանին պարտադրելո՞վ, խնդրելո՞ւ է ՌԴ-ին եւ Արեւմուտքին, որ Ալիեւին ստիպի նստել բանակցային սեղանի շուրջ. հարցին ի պատասխան քաղաքագետը նկատում է․

«Հայաստանը օբյեկտ է 2020թ․-ից, գուցե 2018թ․-ից հետո։ Գոյություն ունեն տարբեր սուվերենության աստիճանի երկրներ՝ բարձր, ցածր, միջին, մենք այդ սուվերենության նույնիսկ ցածր աստիճանը չունենք։ Եթե խոսքը խաղաղության հասնելու ինչ-որ համաձայնության մասին է, ապա այդ «խաղաղության համաձայնագիրը» Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չի լինելու, այն Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի միջեւ է, Հայաստանը ստորագրություն դնող է։ Այստեղից էլ գանք ձեր հարցին՝ պայմանագիրը ձեռք է բերվելու այդ խաղացողների միջեւ, որոնք հիմա, ըստ էության, պատերազմական վիճակում են, դրա համար էլ որեւէ լուծում չի գտնվում»։  

Քաղաքագետը շեշտում է՝ հիմա խաղացողները ուժով են հարցեր լուծում. 

«Իրանին այս հարցում աջակցում է Ռուսաստանը, նրանք միասին են խաղում։ Կա ԱՄՆ, որ ասում է՝ «խաղաղության պայմանագիր» պետք է կնքվի՝ իր պայմաններով, այն է՝ տարածաշրջանի Ռուսաստանի հեռացումը եւ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը։  Սա է կատարվում։ Ձեր տված հարցերը այդ դաշտում է լուծվում, որովհետեւ Հայաստանը ինքնիշխանություն չունեցող երկիր է, քանի դեռ կա այս կառավարությունը»,-հավելեց Դանիելյանը։

Ստեղծված իրավիճակում լուծումների մասին խոսելը, քաղաքագետն ասում է, շատ բարդ է, քանի որ, նախ, պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում, իսկ մենք չգիտենք, թե կուլիսներում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում։

«Աշխարհաքաղաքական պայքար, որը գնում է նաեւ մեր տարածքում։ Երբ խոսքը «խաղաղության պայմանագրի" մասին է, ապա պետք է հասկանանք, թե այն  աշխարհաքաղաքական ո՞ր կողմի հոդվածներով է լինելու։ Կան Ռուսաստան-Իրան, որոնք դեմ են, որ Արեւմուտքը Հարավային Կովկաս ներթափանցի եւ իրենք լքեն տարածաշրջանը, որն իրենց համար շատ լուրջ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, եւ կան հակառակ կողմերը, որոնք այդ «խաղաղության պայմանագրի» հետաձգման մեջ տեսնում են լրիվ այլ տրամաբանություն», - հավելեց մեր զրուցակիցը։

Լիա Սարգսյան