Վերին Շորժայի դիրքեր բարձրացող ճանապարհը բուքի պատճառով անընդհատ փակվում է․ համայնքապետը՝ թշնամու զորքերի կուտակումների մասին

Արցախում իրավիճակն այս պահին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Երկու կողմն էլ զոհեր և վիրավորներ ունի, թշնամին անգամ «բայրաքթարներ» է կիրառում։
MediaHub.am-ի տեղեկություններով` թշնամու զորքերի կուտակումներ կան նաև հայ-ադրբեջանական սահմանին։
Մեզ հետ զրույցում Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը նշեց, որ թշնամին կուտակումներ ունեցել է սահմանին պատերազմից հետո գրեթե միշտ, սակայն չի կարծում, որ այս պահին ևս կուտակում կա։ «Եղանակի հետ կապված չեմ կարծում, որ թշնամին կարող է զորքի տեղաշարժ իրականացնել։ Միայն այսօր է մի քիչ եղանակը արևային։ Գյուղն ու դիրքերը բարձրադիր վայրում են ու վերջին օրերին բավականին շատ ձյուն է եկել, անգամ դիրքեր տանող ճանապարհն անընդհատ մաքրում ենք, որ մեքենաները սնունդ կարողանան բարձրացնեն, բուքն անընդհատ լցնում է ճանապարհը»,- ասաց նա։