Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ բանակցությունների արագ վերսկսմանը: Այս մասին մեկնաբանություն է տարածել Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը։

Ֆրանսիան ողջունում է դրական ազդանշանը, որը ներկայացված է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ և երկու կողմից արված բարի կամքի ժեստերով, մասնավորապես՝ կալանավորների ազատ արձակմամբ։

Փարիզը հույս ունի, որ այս «հայտարարությունները առաջին քայլն են բանտարկյալների, կալանավորների և անհայտ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ»։

«Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և Միացյալ Նահանգների աջակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ 

Ինչպես բազմիցս նշել է եվրոպական և արտաքին գործերի նախարարը, «կայուն խաղաղություն կարող է լինել միայն հարգելով միջազգային իրավունքը, երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։