Կորուստներ, որոնք ունեցանք 2023-ին

Եթե ամփոփելու լինենք 2023-ը, ապա ավելի շատ այն կարող ենք որակել որպես կորուստների, ավելի հստակ՝ հայրենազրկման տարի։
Մենք՝ հայերս, կորցրինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախ աշխարհը։ Տարածքային կորուստներին զուհահեռ, հայ ազգն ունեցավ նաև մարդկային՝ բավականին ցավոտ կորուստներ։ Այսպես, տարեսկզբին՝ հունվարի 27-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացավ 15 զինծառայող։ Սահմռկեցուցիչ դեպքից հետո շատերը 2023-ը բնութագրեցին հենց այդպես՝ մահաբեր տարի։
Ստորև ներկայացնում ենք, թե ովքեր են մահացել անցած տարվա ընթացքում։
Հունիսի 21-ին կյանքից հեռացավ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը․ նա 72 տարեկան էր։ Վիգեն Խաչատրյանը եղել է Հայաստանի տարբեր գումարումների խորհրդարանների պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, Լոռու մարզպետ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, անդամակցել է Սահմանադրական հանձնաժողովին։
Այնուհետև, հուլիսի 8-ին տեղեկացանք, որ Արցախում, մեքենայի մեջ երկու անչափահաս երեխա է մահացել․ մայրը նրանց թողել էր տանը, իսկ ինքը աշխատանքի բերումով մեկնել էր Մարտակերտ։ Երբ վերադարձել էր, երեխաներին տանը չէր գտել։ Մեկ այլ քաղաքացի այնուհետև ահազանգել էր, որ իր ավտոմեքենայի մեջ երկու մահացած երեխա է հայտնաբերել:
Այս դեպքից օրեր անց տեղեկացանք, որ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, մահացել է գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը։ Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը։
Օգոստոսը ևս սարսափելի, ցավալի կորուստների ամիս էր․ այդ ամսվա 14-ին տեղեկացանք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մահացել է 11 մարդ։ Նշենք, որ այս դեպքի հետևանքով մահացածներից մեկը արցախցի Հելենն էր, որի մարմինն այդպես էլ ադրբեջանցիները թույլ չտվեցին տեղափոխել ու ամփոփել հայրենի Արցախում։
Նկատենք, որ 2023-ը տարբերվող տարի էր, ցավոք, վատ առումով տարբերվող։ 21-րդ դարում մենք ունեցանք նաև սովամահության դեպք։ Օգոստոսի 15-ին լուր ստացանք, որ շրջափակված Արցախում 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Նա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական զոհն էր…
Սեպտեմբերը ևս անկորուստ չէր մեզ համար։ Սեպտեմբերի 5-ին տեղեկացանք, որ 94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Ալբերտ Ազարյանը հաղթել է 1956 և 1960 թվականների Օլիմպիական խաղերում: Նա արժանացել է նաև աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955), Ասիական խաղերի (1963) չեմպիոնի կոչման: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո զբաղվել է մարզչական և մանկավարժական գործունեությամբ:
Սարսափը բայց առջևում էր. Արցախի հանձնման լուրից օրեր անց, սեպտեմբերի 25-ին, ցեղասպանվող Արցախում հրդեհ վառելիքի պահեստում, որը 200-ից ավելի մարդկային կյանք խլեց։ Իրենց կյանքը փրկելու համար բռնի տեղահանվող այսքան արցախցի դարձավ պայթյունի զոհ։ Շատերը այդպես էլ չգտնվեցին…
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 30-ին տեղեկացանք, որ բռնի տեղահանման ընթացքում էլ 64 արցախցի է մահացել։
Նոյեմբերի 6-ին կյանքից հեռացավ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ 38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։
Դեկտեմբերը ևս անկորուստ չէր․ դեկտեմբերի 15-ին 46 տարեկան հասակում մահացավ երգիչ Արա Մարտիրոսյանը: Նա սրտի խնդիր ուներ։
Դեկտեմբերի 17-ին էլ հաղորդվեց ԽՍՀՄ ֆուտբոլային մրցաշարերում առասպելական հաջողություններ գրանցած «Արարատ-73»-ի աստղ Նիկոլայ Ղազարյանի մահվան մասին: Ծանր հիվանդ վիճակում 76-ամյա նախկին մարզիկը վերջին օրերին Երևանի թիվ 8 հիվանդանոցում էր: Կորուստների տարին ամփոփելով՝ մնում է մեզ ու մեր երկրին մաղթել, որ գալիք տարին այդ առումով շատ ժլատ գտնվի։
Նարե Գնունի