159 օր շրջափակման պատճառով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 10,900 մարդ

159 օր շրջափակման պատճառով  փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 10,900  մարդ

Արցախը 159 օր է շրջափակման մեջ է։

Արցախի Հանրապետության 159-օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 130 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:

Այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ Սարսանգը, իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ:

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 159 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 70 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին օրերին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 209 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (159 օրվա ընթացքում մարդկանց 389,550-ի փոխարեն՝ 1,864  մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 16 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 56 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման ( 159 օրվա ընթացքում 146,280 -ի փոխարեն՝ 2,638  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 63 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում մոտ 63,600  տոննայի փոխարեն՝  4,840 տոննա, որից վերջին 7 օրվա ընթացքում՝ միայն 183 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 93 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 130 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 302 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 33 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: