Գոռ Մինասյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր

Գոռ Մինասյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայում ավարտվեց: Օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող այս մրցաշարում պայքարը եզրափակեցին գերծանր քաշայինները: Մրցահարթակ մտած յոթ ծանրորդների մեջ էին Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, որոնք ներկայացնում են Հայաստանը եւ նրանց նախկին թիմակից Գոռ Մինասյանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո:   Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 213 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, իսկ Վարազդատ Լալայանը 212 կով բավարարվեց փոքր բրոնզով: Սիմոն Մարտիրոսյանը պոկելով 200 կգ՝ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Անհամեմատ անզիջում անցավ մրցակցությունը հրում վարժությունում: Այստեղ գերազանց հանդես եկավ Սիմոն Մարտիրոսյանը, որը 250 կիլոգրամով նվաճեց փոքր արծաթը, Վարազդատ Լալայանը 248-ով ճանաչվեց երրորդը: Գոռ Մինասյանը ցույց տվեց՝ 246 կգ եւ մեդալ չնվաճեց: Երկամարտում 473 արդյունքով յոթերորդ անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց վրացի անպարտելի ծանրորդ Լաշա Տալախաձեն, որը հավասարը չուներ նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Վարազդատ Լալայանը ցույց տվեց 460 կգ եւ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, իսկ Գոռ մինասյանը նրան զիջեց ընդամենը մեկ կիլոգրամ՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Սիմոն Մարտիրոսյանը 450 կգ-ով հինգերորդն էր: